Եվրոպական երկրներն անհնագստացած են․ Իրանը չի պատրաստվում դադարեցնել բալիստիկ հրթիռների փորձարկումները

706

Իրանը կշարունակի բալիստիկ հրթիռների փորձարկումները՝ չնայած եվրոպական երկրների բողոքներին։ Նախօրեին Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան համատեղ նամակ են հղել ՄԱԿ-ին՝ զգուշացնելով, որ վերջին ամիսներին Իրանը պարբերաբար փորձարկել է նոր սերնդի միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Ըստ նամակի՝ առկա են փորձարկումների տեսագրություններ, որոնք վկայում են՝ այդ հրթիռները կարող են միջուկային մարտագլխիկ կրել, ինչը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշմանը։

Նամակին արձագանքել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ Իրանը չի պատրաստվում դադարեցնել հրթիռի նախագիծը։ Իսկ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ին ուղղված այդ նամակը կատարյալ սուտ է անվանել՝ պնդելով, որ եվրոպական երկրները նման մեղադրանքներով փորձում են քողարկել միջուկային պայմանագրի շրջանակներում սեփական պարտավորությունները կատարելու իրենց անընդունակությունը։

Հիշեցնենք, որ 2015թ․ հուլիսի 20-ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված №2231 որոշման համաձայն՝ Թեհրանը հրաժարվել է միջուկային մարտագլխիկ կրելու ընդունակ բալիստիկ հրթիռներ փորձարկելուց։