ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

222

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգընը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Նրանք ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում ռազմական գործողությունների դադարեցումը` համաձայն Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել շարունակել կատարել իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում՝ հրադադարի վերաբերյալ իրենց նախկին ստանձնած պարտավորությունների ու նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: Համանախագահ երկրները կարևորել են Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի և Հայաստանի հետ համաձայնեցված միջոցառումների իրականացումը՝ ռազմական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար: Նրանք նաև կոչ են արել լիարժեք ու արագ հեռացնել բոլոր օտարերկրյա վարձկաններին տարածաշրջանից և հորդորել բոլոր կողմերին նպաստել դրան:

«Համանախագահ երկրները հիշեցրել են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները կատարելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես՝  ռազմագերիների փոխանակման և դիերի վերադարձի հետ կապված: Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տեղահանված մարդկանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանների երաշխավորման կարևորությունը, այդ թվում`վերջին ռազմական գործողությունների ընթացքում: Շեշտվել է պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում: Համանախագահ երկրները կոչ են արել Ադրբեջանին և Հայաստանին լիարժեք համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ՝ այդ ոլորտներում իրենց պարտավորությունները կատարելու և մարդասիրական հասանելիությունն ապահովելու համար:

Համանախագահ երկրները հորդորել են Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից` համանախագահների հովանու ներքո բանակցություններ վարելու կայուն խաղաղության վերաբերյալ: Այդ համատեքստում համանախագահ երկրները հորդորել են կողմերին տարածաշրջանում հնարավորինս շուտ ընդունել համանախագահներին և պարտավորվել առարկայական բանակցություններ վարել բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար`ըստ համաձայնեցված ժամանակացույցի: