Իրանցի պատգամավոր. Ղարաբաղի պատերազմում պետք է Հայաստանին աջակցեինք

1494

Դեկտեմբերի 13-ին Իրանի խորհրդարանում Շազանդի ներկայացուցիչ, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ահմադի Բիղաշը հայտարարել է․

«Էրդողանին ուղղված մեր արտգործնախարարության արձագանքը լավ էր, բայց բավարար չէ։ Մեր մահացու անփութության, խորհրդարանի ազարիախոս պատգամավորների լռության, ղեկավար կազմի անխոհեմության պատճառով Թուրքիայի հիվանդ նախագահը Իրանը մասնատելու վարքագիծ է դրսևորում։ Էրդողանը տարածաշրջանում Արևմուտքի կեղտոտ քաղաքականությունն իրականացնողներից է և նրա ձեռքերը թաթախված են Իրաքի, Սիրիայի ժողովրդի, քրդերի, հայերի արյունով և իր պապերի նման, որոնց ձեռքներն էլ թաթախված են միլիոնավոր ասորիների, հույների, հայերի արյունով (որոնց ցեղասպանությունը պատմությանը հայտնի է), նախորդ շաբաթ պաշտոնապես հայտարարեց Օսմանյան կայսեր հաջորդ դերի մասին։

Վերջերս նա Բաքվի զորահանդեսում Արաքս գետի մասին բանաստեղծություն կարդաց, և դիմելով Իրանի Ադրբեջանի ժողովրդին՝ հայտարարեց․«Մենք ձեզանից չենք բաժանվել, մեզ բռնությամբ բաժանել են ձեզանից» և ասաց, որ Արաքսը շուտով ուժ կառնի։ Իրանի խորհրդարանի ազարի պատգամավորներ, ու՞ր եք։ Խորհրդարանի հարգարժան նախագահ և որոշ պատգամավորներ, որ այժմ օրուգիշեր նախագահական ընտրություններով եք տարված, գիտե՞ք, որ Էրդողանը նախորդ շաբաթ Բաքվի զորահանդեսում Արազ, Արազ երգից մի հատված է արտասանել, որը մի խումբ պատեհապաշտների համար Արաքսի երկու ափերի բաժանության խորհրդանիշն է, Իրանի մասնատման գաղտնիքը։ Ժամանակն է եկել, որ մեր արտաքին քաղաքականությունը հետ վերադարձնենք իր գծերին և այստեղ երեք հիմնական սկզբունք եմ ուզում մատնանշել․

1. Ղարաբաղի պատերազմում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար մենք պետք է Հայաստանին աջակցեինք՝ միաժամանակ անսալով Հոգևոր առաջնորդի խոսքերին առ այն, որ օկուպացված տարածքները պետք է ազատվեն

2․ Պատմական փաստերով՝ ներկայիս Ադրբեջանի հանրապետությունը և Հարավային Կովկասի տաարածաշրջանը Իրանի մի մասն են, և եթե ապագայում ինչ-որ բան տեղի ունենա, այդ շրջանները պետք է իրենց մայր հողին վերադառնան

3․ Իրանը անվերապահորեն պետք է ողջունի Թուրքիայի դեմ ԱՄՆ և Եվրոպայի պատժամիջոցները»։

Իր ելույթում Բիղաշը նաև ընդգծել է, որ Էրդողանի հետևողական քայլերի հետևանքով Հարավային Կովկասը Իսրայելի համար հակաիրանական գործողությունների հարթակի է վերածվել, և հենց այդ պատճառով գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության գործում Թուրքիան պակաս դերակատարում չունի, քան Իսրայելը։