The Guardian-ն անդրադարձել է ԼՂ պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների վայրագություններին

896

Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինվորների կողմից գլխատված արցախցի տղամարդկանցից երկուսը նույնականացվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ծավալուն հոդված է հրապարակել հեղինակավոր The Guardian լրատվամիջոցը:

Հոդվածագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի Մադաթաշեն գյուղի երկու բնակիչներ համացանցում տարածվող տեսանյութերից մեկում ճանաչել են գլխատվող 69-ամյա Գենադի Պետրոսյանին, որը Արցախ է տեղափոխվել 1980-ականների վերջին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից:

«Ես հստակ տեսել եմ նրա դեմքը և ճանաչել, դա նա էր»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է գյուղի դպրոցի տնօրեն Գայանե Պետրոսյանը:

Գյուղի բնակիչ Էդուարդ Հայրապետյանը նշել է, որ Պետրոսյանին ճանաչել է ավելի քան 30 տարի: Վերջին անգամ Պետրոսյանը նրան զանգահարել է հոկտեմբերի 28-ին և հայտնել, որ գյուղում ադրբեջանական ուժեր կան:

«Մի քանի շաբաթ լռությունից հետո հայտնվեց այդ տեսանյութը: Ես տարա նրան գյուղից, և շատ եմ ցավում, որ նա հետո վերադարձավ ու այդ դեպքը տեղի ունեցավ: Ես չեմ կարողանում գտնել իմ տեղը»,- ասել է Հայրապետյանը:

Լեռնային Ղարաբաղի մեկ այլ` Ազոխ գյուղի երեք բնակիչներ մեկ այլ տեսանյութում ճանաչել են գլխատվող 82-ամյա Յուրի Ասրյանին, որը հոկտեմբերի 20-ին հրաժարվել էր լքել գյուղը:

«Նա քիչ էր շփում ուրիշների հետ, նա ուղղակի հրաժարվեց հեռանալ»,- The Guardian-ի հետ զրույցում ասել է գյուղի նախկին ղեկավար Գեորգի Ավեսյանը:

Նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 3-ին համացանցում հայտնված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ադրբեջանական բանակի համազգեստով զինվորները գլխատում երկու տարեց տղամարդու: