Վրաստանի փոխվարչապետը կարծում է, որ արդարադատության ոլորտում Հայաստանից սովորելու շատ բաներ ունեն

691

Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումի շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին կարևորել է արդարադատության ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները և ընդգծել Հայաստանի փորձն օգտագործելու անհրաժեշտությունը։

Վրաստանի փոխվարչապետը ելույթում մասնավորապես ասել է. «Ես հավատում եմ, որ պատմականորեն բարեկամ երկու երկրները կարող են ունենալ շատ արդյունավետ երկխոսություն՝ կապված մարդու իրավունքների և դատական համակարգի բարեփոխումների համար։ Այժմ մեր դատական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առջև։ Վերջին տարիների ընթացքում այս համակարգերում Վրաստանը ունեցել է բավականին մեծ հաջողություն՝ բացառելով կոռուպցիան։ Այս ճանապարհով մենք կարող ենք հասնել ինստիտուցիոնալ ժողովրդավարության։ Բայց, այստեղ կարևոր է նշել, որ ցանկացած բարեփոխում անելու համար պետությունը պետք է նախ իր առաջնահերթություններն ունենա։ Չկա կոնկրետ բաղադրատոմս, որով պետք է առաջնորդվել։ Կարևոր է լսել բոլորի կարծիքներն ու ա նել այն, ինչը պետք է քո պետությանը։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի մեր փորձը փոխանցենք Հայաստանին։ Իհարկե, ինքներս էլ Հայատսանից սովորելու շատ բաներ ունենք, քանի որ արդարադատության ոլորտում կան քայլեր, որոնցով Հայաստանը մեզնից առաջ է»։

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտել է Հայաստանի և Վրաստանի միջև բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման կարևորությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարության համար արդարադատության ոլորտի բարեփոխումները ունեն առանցքային նշանակություն՝ հատկապես բարեփոխումների արդյունքների գրանցման առումով։

Ավինյանը առաջնային է համարել նաև հասարակության վստահության բարձրացումը դատական համակարգի նկատմամբ։

«Այս նպատակը անպայման հաջողության է հասնելու։ Հայաստանի և Վրաստանի դատական համակարգերի առջև ծառացած են նմանատիպ խնդիրներ, և երկու պետություններն էլ ի վիճակի են այս խնդիրները հաղթահարել համատեղ ոլորտային համագործակցության միջոցով։ Այս համագործակցությունը օրինակելի կարող է լինել ննաև մյուս ոլորտների համար։ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է ջանքեր գործադրել՝ ամրապնդելու Վրաստանի հետ համագործակցական կապերը»,- ասել է Հայաստանի փոխվարչապետը։