ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի՝ կրոնական վայրերի պաշտպանության բանաձևի միաձայն ընդունումը

210

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հունվարի 25-ին նամակ է հղել Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Վալիդ Բուխարիին, որով ողջունել է ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի կողմից Սաուդյան Արաբիայի ներկայացրած «Կրոնական վայրերը պաշտպանելու խաղաղության և հանդուրժողականության մշակույթի ջատագովումը» խորագրով բանաձևը, որը դատապարտում է կրոնական վայրերի և խորհրդանիշների դեմ բռնարարքները, սպառնալիքները, այդ վայրերի քանդումը, դրանք վնասելը կամ վտանգելը:

Մարմինը հիշեցրել է 2020-ին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության վրա Թուրքիայի, Լիբիայի և Սիրիայի ահաբեկչական վարձկանների ամբողջական աջակցությամբ շղթայազերծած հարձակումը, և թվել այդ հարձակման պատճառով Արցախի մեջ հայկական մշակութային ու կրոնական կոթողներին հասցված դիտավորյալ վնասները` նշելով, որ դրանք հիշեցնում են 2005-2006 թվականներին ադրբեջանական բանակի կողմից Հին Ջուղայի մեջ հազարավոր խաչքարերի քանդումը:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ջերմորեն ողջունել է Սաուդյան Արաբիայի կողմից ներկայացված բանաձևի միաձայն ընդունումը և թագավորության կառավարությանը կոչ արել, իբր բանաձևի հեղինակ, ընդգծել Արցախի օրինակը և խորը մտահոգություն արծարծել միջազգային հարթակներում՝ Արցախում գտնվող հարյուրավոր հայկական մշակութային, հոգևոր և պատմական ժառանգությունը Ադրբեջանի պետական մշակութային ցեղասպան քաղաքականությունից պաշտպանելու համար: