Մեդվեդև. Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, սակայն հիմա այն քննարկել չի կարելի

969

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի գտնում, որ Լեռնային Ղարաբաղում Մոսկվայի և Անկարայի համագործակցությունը երկարատև քաղաքականության տարր է պարունակում:

Ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի դերին՝ Մեդվեդևը նշել է, որ Անկարան Ռուսաստանի կարևոր գործընկերն է, բայց շատ մոտ՝ Ադրբեջանին, և «այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել»:

«Մենք նրանց հետ ունենք արդյունավետ երկխոսություն. մեր երկրի նախագահը այդ թեմայով մշտապես շփվում է նախագահ Էրդողանի հետ»,-ասել է Մեդվեդևը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ որոշում էր կայացվել ընդհանուր իրավիճակի վերահսկման հատուկ կենտրոն ստեղծել, որին մասնակցում են թուրք եւ ռուսաստանցի զինվորականներ:

«Սակայն ես դա չէի գնահատի որպես երկարաժամկետ քաղաքականության տարր կամ այստեղ չէի կառուցի դավադրության տեսություն: Պարզապես մենք պարտավոր ենք ի գիտություն ընդունել իրականությունը, որը կա մեր տարածաշրջանում: Եվ իրականությունն այն է, որ այսօր այդ հարցը պետք է քննարկվի նաև Թուրքիայի մեր գործընկերների հետ»,-հայտարարել է Մեդվեդևը՝ նշելով, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, սակայն հիմա այն քննարկել չի կարելի, ավելի լավ է տեղափոխել այն ապագա: