Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ. Արա Այվազյան

910

 ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Թուրքիայի կողմից Հայաստանի հետ պետական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չի տեսնում: Այս մասին Այվազյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին:

«Կարծում եմ, որ Թուրքիան, միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, այլևս պատճառ չկա Հայաստանի նկատմամբ կիրառել շրջափակում: Շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը ուժի կիրառման միջոցով փոխվել է: Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանը հավելեց, որ կառավարության հիմնական նպատակն է անել ամենը, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի:

«Դա հեշտ հարց չէ: Բնականաբար, որպես պետություն, հասարակություն, պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որ իրավիճակը գնա դեպի ապաէսկալացում: Մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր է գործադրելու, որպեսզի մեր շուրջը լինի նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար»,- ասաց Այվազյանը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանի համար մտահոգիչ է նաև Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զինավարժությունների անցկացումը: