Իրաքում ցույցերի 1 ամսվա ընթացքում 170 մարդ է զոհվել

663

Նոյեմբերի 5-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Իրաքում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ առնվազն 170 մարդ է զոհվել, ևս 2264-ը վիրավորվել են։ Այս մասին ասվում է Իրաքում օգնության ցուցաբերման ՄԱԿ-ի առաքելության մարդու իրավունքների գրասենյակի զեկույցում։

Զեկույցում նաև նշվել է, որ այդ տվյալները մոտավոր են, քանի որ ի տարբերություն նախկինի՝ այս անգամ Իրաքի իշխանությունները թույլ չեն տվել զեկույցի հեղինակներին՝ տուժածների մասին տեղեկություն ստանալ հիվանդանոցներից կամ այցելել հիվանդներին։

Ընդհանուր առմամբ, ցույցերի սկզբից՝ հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում առնվազն 414 մարդ է զոհվել, վիրավորվել է առնվազն 8758 անձ, այդ թվում՝ նաև ոստիկանության աշխատակիցներ։ Աղբյուրն ընդգծում է, որ արցունքաբեր գազից տուժած և այլ թեթև վնասվածքներ ստացած անձանց ներառելու դեպքում տուժողների թիվը կարող է հասնել 19․000-ի։

Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ իշխանությունները ցուցարարների նկատմամբ անհամաչափ և անօրինական ուժ, այդ թվում՝ մարտական զենքեր են կիրառել, ինչպես նաև՝ բազմաթիվ իրավախախտումներ են եղել ձերբակալությունների ժամանակ։ Մասնագետները Իրաքի իշխանություններին կոչ են արել ջանքեր գործադրել՝ երկրում լարվածության թուլացման և մինչ այժմ ցույցերի ժամանակ գրանցված իրավախախտումների արդար ու թափանցիկ հետաքննության համար։