ԶԼՄ-ներ. Թուրքիայի ՆԳ նախարարը պաշտպանության նախարարին մեղադրում է Իրաքում ռազմագործողության ձախողման մեջ

790

Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում, որ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին մեղադրում է Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության մարտիկների դեմ ռազմական գործողությունը ձախողելու մեջ: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով, երկու ուժային կառույցների ղեկավարների միջև ներկայում լարվածություն կա:

Ըստ ընդդիմադիրների՝ Սոյլուն նեղ շրջանակներում ասել է, որ իր նախարարությունն ավելի լավ կկարողանար կատարել Իրաքյան Քրդստանում Թուրքիայի 13 քաղաքացիներին փրկելու խնդիրը, և կհաջողվեր նրանց դուրս բերել գերությունից:

Նշենք, որ Թուրքիայի ՊՆ-ի պնդմամբ՝ Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունների ֆոնին ՔԲԿ-ի մարտիկները փետրվարի 14-ին մահապատժի են ենթարկել գերիներին, այդ թվում Թուրքիայի ռազմական և ոստիկանության աշխատակիցներին: