Արամ Ա. կաթողիկոսը ջերմորեն ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

939

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է.

«Ջերմորեն ողջունում ենք այս եզակի քայլը Հայոց ցեղասպանության ճանաչման մեր հավաքական պայքարի ճանապարհին: Արդարև, այս ուղղությամբ կարևոր դեր ունեցան ԱՄՆ Հայ դատի մարմինները և հատկապես Վաշինգտոնում գործող Հայ դատի գրասենյակը:

Նախորդ տարիներին մենք Վաշինգտոնում այցելել ենք հիշյալ գրասենյակը և քաջալերել ենք հայ դատի նվիրյալների աշխատանքը, մեր հայրապետական պատգամն ու օրհնությունը փոխանցել նրանց:

Հանդիպումներ ենք ունեցել նաև հայ ժողովրդի և հատկապես Հայ դատի բարեկամ պաշտոնյաների հետ: Ահա թե ինչու մենք հատուկ ուրախությամբ ենք ողջունում այս կարևոր նվաճումը, որը հավաքական և հետևողական աշխատանքի հետևանքն է:

Այս ուրախ առիթով, մեր բարձր գնահատանքն ենք հայտնում ԱՄՆ Սենատին՝ ակնկալելով, որ Ներկայացուցիչների պալատից և Սենատից հետո ԱՄՆ նախագահը նույնպես վճռական քայլ կկատարի այս ուղղությամբ: Փառք և հարգանք իր խախտված իրավունքների պայքարին նվիրված հայ ժողովրդին»: