Ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար Իսրայելին անհրաժեշտ է գործող դերակատարների փոփոխություն․ Փորձագետ

834

«Իսրայելում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի խորացումը և նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը կանխատեսլի էին, քանի որ հիմնական քաղաքական դերակատարների միջև առկա են անհաղթահարելի հակասություններ, իսկ հասարակությունը ընդգծված կերպով բևեռացված է»,- այս մասին «Region Monitor»-ի հետ զրույցում նշեց արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Իսրայել պետության 22-րդ Քնեսեթի լուծարման և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետ կապված զարգացումները։

Փորձագետի կարծիքով՝ ի տարբերություն 21-րդ խորհրդարանի, որը 2 ամիս էլ չգոյատևեց և ինքնալուծարվեց, 22-րդ Քնեսեթի գործունեության ընթացքում կիրառվեցին Իսրայելի օրենսդրությամբ նախատեսված կոալիցիոն կառավարության ձևավորման բոլոր եղանակները՝ երկու հիմնական մրցակից գործիչների կողմից անգամ համազգային միասնության կառավարության ձևավորման փորձից, մինչև հենց խորհրդարանի ջանքերով կոալիցիայի կազմավորման հնարավորությունը։ Մինչդեռ բոլոր միջոցներն էլ տապալվեցին, քանի որ առանցքային քաղաքական դերակատարների միջև առկա են խորը, անհաղթահարելի հակասություններ, իսկ իսրայելական հասարակությունը բավական բևեռացված է։

Անդրադառնալով ներքաղաքական ճգնաժամի հիմքերին՝ Պետրոսյանը մանրամասնեց․ «Ստեղծված իրավիճակի առանցքային պատճառը մի քանի քաղաքական դերակատարների անձնական շահերն ու հավակնություններն են: Իսրայելական հասարակության մի ստվար հատված, ակնհայտորեն, ձանձրացել է ավելի քան 1 տասնամյակ անընդհատ կառավարող վարչապետ Բենյամին Նեթանյահուից՝ հատկապես նրա հետ կապված քրեական գործերի առկայության պայմաններում։ Այս հանգամանքը լուրջ պատճառ է նաև ընդդիմադիր ուժերի համար՝ Նեթանյահուի հետ համագործակցությունից հրաժարվելու համար, քանի որ նրանց վարած նախընտրական արշավի հռետորաբանության թիրախում վարչապետի անձն է։ Եվ վստահաբար կարելի է պնդել, որ իշխող «Լիքուդ» կուսակցության առաջադրած որևէ այլ թեկնածուի դեպքում իրավիճակը տրամագծորեն կփոխվի։ Ճգնաժամի խորացմանը նպաստող մեկ այլ կարևոր գործոն է աջակենտրոն «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ նախկին ՊՆ Ավիգդոր Լիբերմանի քաղաքական մանևրումը, որի ունեցած հասարակական աջակցությունը՝ շուրջ 8 մանդատի տեսքով, թույլ չի տալիս որևէ քաղաքական ճամբարի անհրաժեշտ առավեկության հասնել մրցակցի նկատմամբ»,- նկատեց փորձագետը, ապա հավելեց․ «Հետևաբար, եթե հիմնական գործող դերակատարների շարքում էական փոփոխություններ չարձանագրվեն, որը հնարավոր է, օրինակ՝ ներկուսակցական փրայմերիզմների միջոցով, ապա մեծ հավանականությամբ մարտի 2-ին նախանշված հերթական ընտրությունների արդյունքները ևս չեն հանգեցնի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը․ առկա դիրքային իրավիճակի աննշան փոփոխություններով անորոշության մթնոլորտը կշարունակվի Իսրայելի ներքաղաքական կյանքում»։