Իրաքյան Քուրդիստանը սկանդալային քարտեզով նամականիշի մասին պարզաբանում է տվել. Ermenihaber

495

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրված նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։ Բացի այդ Թուքիայի ԱԳՆ-ն Իրաքյան Քուրդիստանի իշխանություններից պահանջել է պարզաբանում տալ միջադեպի առնչությամբ, , տեղեկացնում է ermenihaber-ը:

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի կառավարության մամուլի խոսնակ Ջոթյար Ադիլն Էրբիլում կազմակերպված մամուլի ասուլիսում նշել է, որ իրենց ղեկավարությունը չի հաստատել խնդրո առարկա նամականշների թողարկման ծրագիը, ինչն էլ հանգեցրել էր Թուրքիայի բացասական արձագանքին:

Խոսնակի հաղորդմամբ՝ մի քանի արվեստաբան նամականիշի թողարկման համար ձևավորման նմուշներ է ներկայացրել:

Սակայն մինչև այժմ որևէ նամականիշի թողարկման համար որևէ հաստատում չի տրվել:  Թողարկման համար ընտրվելիք նամականիշների ձևավորումը լինելու է օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:

Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն այդ քայլը բնութագրել էր որպես շատ կոպիտ սխալ: «Հռոմի Ֆրանցիսկոս պապի Իրաք կատարած այցի առթիվ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների կողմից, ի նշանավորումն պապի այցելության թողարկվելիք նամականիշների մեջ մեր երկրի որոշ նահանգներն ընդգրկող քարտեզ է պատկերված։ Իրաքյան Քուրդիստանի համապատասխան պետական մարմիններից ակնկալում ենք այս կոպիտ սխալի ուղղում և անմիջապես խնդրի պարզաբանում»,-ասվում էր հայտարարությունում:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել էր Էրբիլում և հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ:

Հռոմի պապի այցելության առթիվ թողարկված նամականիշի վրա պատկերված էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քուրդիստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը:

Հիշյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային ու հարավ-արևելյան նահանգները, որոնց զգալի մասը պատմական Հայաստանի տարածքներն են:  Նամականիշի վրա պատկերված են Հաթայը, Շանլըուրֆան, Մարդինը, Հաքքարին, Քահրամանմարաշը, Սիվասը (Սեբաստիա), Մալաթիան, Դիարբեքիրը, Մուշը, Վանը, Էրզրումը, Էրզինջանը (Երզնկա), Կարսը, Աղրըն և այլ նահանգներ: