Փաշինյան.«Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»

1632

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը՝ նշելով, որ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսք է ուղղում ներկայացուցիչների պալատի անդամներին ու ԱՄՆ սենատին:

Ըստ Փաշինյանի՝ սա ճշմարտության պատմական հաղթանակ է, ինչը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և այդ գործընթացը բերում է նոր մակարդակի:

«Մենք բազմիցս ենք արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար կարևոր է ոչ միայն պատմական ճշմարտության արձանագրման առումով, այլ նաև որպես ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման մի կարևոր բաղադրիչ:

Եվ դուք տեղյակ եք, որ հենց Հայաստանի առաջարկությամբ Միացյալ ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 9-ն ընդունեց որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժամապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից: Եվ ուզում եմ ընդգծել, որ ոչ թե 1915 թվականի ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ համար, ավելի ճիշտ՝ այդ քաղաքականությունն է սպառնալիք ՀՀ և հայ ժողովրդի համար: Եվ գիտեք, որ ըստ էության շատ երկար ժամանակ, արդեն մոտ 30 տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի սահմանը, և այս իրողությունները մեկը մյուսի շարունակությունն են: Եվ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ նաև Միացյալ նահանգների և մի շարք այլ երկրների կայացրած որոշումներն արձանագրում են Թուրքիայի վարած ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականությունը մեր տարածաշրջանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան այսօր ագրեսիվ քաղաքականություն է վարում Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի, Հունաստանի նկատմամբ: Եվ Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանը, սա ի ցույց է դնում այն դերակատարումը, որն այսօր այդ երկիրը մեր տարածաշրջանում ունի: Այս առումով, ըստ Փաշինյանի, միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և Թուրքիային քաջալերի, որպեսզի ինքը վերագնահատի ու վերանայի իր դերը մեր տարածաշրջանում: