ԱՄՆ նախագահի թեկնածուն ողջունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Սենատի կողմից

768

ԱՄՆ նախկին փոխնախագահ, իսկ այժմ նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջո Բայդենը  ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևը։ Twitter – ի իր միկրոբլոգում թեմային անդրադարձած Բայդենը մասնավորապես գրել է․

«Ողջունում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչող այս կարևորագույն որոշման ընդունումը Սենատի կողմից։ Եթե անցյալի հետ լիարժեք չառերեսվենք, ապա «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր իմաստը։ Փաստերը պետք է շատ հստակ ու ազդեցիկ լինեն թե ապագա սերունդների, և թե այդ ողբերգության ականատեսների համար»:

Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի գրասենյակին ուղղված իր նամակում Բայդենը նշել էր, որ  ԱՄՆ-ն պետք է մեկընդմիշտ հստակեցնի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։  Հայոց ցեղասպանության մասին բանաձևը սահմանում է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունից հրաժարում, ԱՄՆ–ի կառավարության անունից Հայոց ցեղասպանության ճանաչում և իրազեկում` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։