Էրդողանը․ «Պետք լինի Ինջիրլիքն էլ կփակենք, Քյուրեջիքն էլ»

1302

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կփակեն Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազան։ Այս հայտարարությունը Թուրքիայի նախագահն արել է Ahaber և ATV հեռուստաալիքներին տված հարցազրույցի ընթացքում՝ ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպաության բանաձևի ընդունմանը մասին խոսելիս։

Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Սենատի ընդունած որոշումները (Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագծի ընդունումը) որևէ արժեք չունեն, քանի որ ամբողջովին քաղաքական են։ Նշելով, որ երկու կողմի համար էլ շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն երկկողմ հարաբերություններում անշրջելի քայլեր չանի՝ սպառնացել է ԱՄՆ-ին, որ անհարժեշտության դեպքում կփակեն Ինջիրլիքի ավիաբազան և Քյուրեջիքի ռադիոլոկացիոն բազան։

«Նրանք այս տեսակ բաներ են անում, մենք էլ ձեռքներս դատարկ չենք կանգնելու։ Սա շատ հստակ, պարզ ու հանգիստ ասեմ»,-ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ի օրենսդիր մարմնում ընդունված որոշումները կապված են ԱՄՆ-ի ներքաղաքական զարգացումների հետ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ում ներքին քաղաքական բևեռացումն տվել է արդյունքներ, որոնք Թուրքիայի դեմ են։ Ըստ Էրդողանի՝ որոշ շրջանակներ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիրքերը թուլացնելու համար Թուրքիային վերաբերող զարգացումներն օգտագործում են իրենց շահերի համար։

Նրա կարծիքով՝ այդ քայլերը ինչպես չեն համապատասխանում Թուրքիա-ԱՄՆ դաշնակցային հարաբերությունների ոգուն, այնպես էլ հակադրվում են հոկտեմբերի 17-ին Սիրիայի հարցում ԱՄՆ-Թուրքիա համաձայնությանը։

Էրդողանը խոսքում հիշեցրել է ԱՄՆ-ի հնդկացիների մասին՝ նշելով, որ նրանց պատմությունը Ամերիկայի խայտառակությունն է։