Շոյգու. Ժամանակն է, որ Հայաստանը և Ադրբեջանն անցնեն երկկողմ շփումների

425

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Tengrinews.kz կայքին տված հարցազրույցում ասել է, որ եկել է ժամանակը, որ Հայաստանը և Ադրբեջանն անցնեն երկկողմ շփումների: Նախարարն անդրադարձել է նաև Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին՝ նշելով, որ իրականացվում է ոչ հեշտ, բարդ աշխատանք, և դրանցից վերջինը Լեռնային Ղարաբաղն էր:

«Հենց այդպես էլ ուզում եմ անվանել  և ոչ մի ուրիշ կերպ։ Քանի որ դրանում մեծ քանակությամբ փաստարկներ, տարրեր, շարժառիթներ են դրվել: Համաձայնեք չէ՞, որ երբ միմյանց դեմ պայքարում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեր երկու մտերիմ հարևանները, նրանց հետ, որոնց հետ ապրել ենք, ևս մեկ անգամ կրկնեմ, և որոնց հետ ապրելու ենք խաղաղության, համաձայնության և բարեկամության մթնոլորտում…»,-ասել է Շոյգուն՝ նշելով, որ անհրաժեշտ էր խոսել և զբաղվել թուրք գործընկերների հետ:

ՌԴ Պնախարարի խոսքով, այն, ինչ արվել է, առաջին հերթին արվել է նրա համար, որ մարդիկ դադարեին միմյանց սպանել:

«Երկրորդ, ես հույս ունեմ, որ այժմ եկել է ժամանակը, որ նրանք անցնեն երկկողմ շփումների և խոսեն միմյանց հետ, սկսեն զրուցել: Ես ի նկատի ունեմ Հայաստանին և Ադրբեջանին»,-ավելացրել է Շոյգուն: