Մահացել է Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը

379

81 տարեկան հասակում այսօր՝ մարտի 31-ին, մահացել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից, ուր մի քանի օր առաջ ծանր վիճակում տեղափոխվել էր լեգենդար հրամանատարը։

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ա․Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 

1992 թվականի մայիսին 8–ի լույս 9–ի գիշերը հայկական ուժերը` Արկադի Տեր–Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին։