ԱՄՆ պետքարտուղարություն. Իսրայելը «օկուպացրել է» Արևմտյան ափը

867

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պարզ հասկացնել է տվել, որ Հորդանան գետի Արևմտյան ափը համարում է Իսրայելի կողմից «օկուպացված» տարածք:

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա զեկույցում «օկուպացիա» եզրույթը կիրառվում է «Արևմտյան ափի ընթացիկ կարգավիճակի համատեքստում»: Դա համապատասխանում է «ամերիկյան նախորդ երկկուսակցական կառավարությունների նախկին դիրքորոշումներին»:

ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա զեկույցում «Իսրայել և պաղեստինյան տարածքներ» պարբերությունում երկար ժամանակ կիրառվել է «Իսրայել և օկուպացված տարածքներ» եզրույթը: Սակայն Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում այն փոխել են «Իսրայել, Արմտյան ափ և Գազայի հատված» ձևակերպմամբ:

Ավելի վաղ՝ մարտին, այս հարցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ չպետք է անտեսել պատմական այն փաստը, որ Իսրայելը 1967թ. պատերազմի ընթացքում օկուպացրել էր Հորդանան գետի Արևմտյան ափը, Գազայի հատվածը և Արևելյան Երուսաղեմը:

Փրայսի խոսքով, Վաշինգտոնում մտադիր են «գտնել երկու պետության ստեղծման լուծում», որում Իսրայելը «խաղաղ կապրի պաղեստինյան պետության հետ»: