21-րդ դարի ամենատևական և ամենաարյունալի հակամարտությունը շարունակվում է 10 տարի

567

Օրեր առաջ լրացավ 21-րդ դարի ամենատևական և ամենաարյունալի հակամարտության՝ սիրիական ճգնաժամի 10 տարին։ Հիմնախնդիր, որը բողոքի տարաբնույթ գործողություններից, ներքին զինված հակամարտությունից վերաճեց մինչև լրջագույն միջազգային ու մարդասիարական ճգնաժամի։ Դրա շրջանակներում մեկ անգամ չէ, որ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել ամբողջ աշխարհում, իրար դեմ են դուրս եկել համաշխարհային և տարածաշրջանային մրցակից տերություններ, որոնք այս հակամարտության շրջանակներում դիրքավորվել են հակառակորդ ճամբարներում։

Սիրիական հիմնախնդիրը շարունակում է մնալ մերօրյա աշխարհի ամենախրթին հումանիտար ճգնաժամը։ Տարբեր տվյալներով՝ հակամարտության հետևանքով գրանցված զոհերի թիվը 388–594.000 հազար է, երկրի բնակչության կեսը՝ շուրջ 12 մլն մարդ, հարկադրաբար լքել է սեփական օրրանը, որից 6,6 մլն-ն արտագաղթելով երկրից և փախստականի կարգավիճակով ապաստանելով ոչ միայն Սիրիայի հարևան, այլև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Սիրիայում մնացած բնակչության ավելի քան 90%-ի կենսամակարդակը մոտ է աղքատության շեմին։

Հակամարտության անցած՝ պայմանական 4 շրջափուլերից հետո երկիրը բաժանվել է արտաքին դերակատարների միջև փոխադարձաբար ճանաչված ազդեցության գոտիների։ Միևնույն ժամանակ, ներսիրիական դերակատարների միջև դիրքային պատկերը հետևյալ տեսքն ունի՝ սիրիական կառավարական ուժերը վերահսկում են երկրի տարածքի շուրջ 63,57%-ը, «Սիրիական ժողովրդավարական ուժերը»(քրդեր)՝ 25,57%, տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումները և Թուրքիան՝ 9,72%-ը, ԻՊ-ը՝ 1,14%-ը։

Իսկ ներկայում, չնայած ստեղծվել է որոշակիորեն կանխատեսելի և կառավարելի հակամարտային իրավիճակ, այնուամենայնիվ, հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման հեռանկարը դեռևս բավականաչափ մշուշոտ է։

Նման իրավիճակի փաստացի հիմնավորումն այն է, որ դրան ներգրավված ինչպես ներսիրիական, այնպես էլ արտաքին առանցքային դերակատարների որևէ խումբ չի հասել բացարձակ առավելության հակառակորդների նկատմամբ և չի կարող պարտադրել հանգուցալուծում։ Իսկ Սիրիայի տարածքն էլ վերածվել է դրան միջամտած արտաքին դերակատարների համար սակարկությունների հարմարավետ հարթակի, որտեղ որոշակի պայմանական զիջումների արդյունքում կարելի է արձանագրել ավելի կարևոր ձեռքբերումներ այլ՝ առավել կենսական շահերի գոտիներում։

Արմեն Պետրոսյան