Իրանում ՀՀ և Հնդկաստանի դեսպանները կարևորել են Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ արդյունավետ համագործակցության իրականացումը

526

Ապրիլի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է ԻԻՀ-ում Հնդկաստանի դեսպանություն և հանդիպում ունեցել դեսպան Գադդամ Դհարմենդրայի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Ա․ Թումանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում hետպատերազմյան շրջանում ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային նոր մարտահրավերները և դրանց առնչվող գործընթացները։

Ընդգծելով Հայաստան-Հնդկաստան երկկողմ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը՝ դեսպան Թումանյանը հատուկ անդրադարձ է կատարել միջազգային և տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ոլորտում Հնդկաստանի կառավարության կողմից իրականացվող խոշոր ծրագրերին։

Այս համատեքստում կարևորվեց առևտրի և տրանսպորտային ծառայությունների ակտիվացման նպատակով Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ արդյունավետ համագործակցության իրականացումը։