Սիրիան կեղծիք է որակել քիմիական զենք կիրառելու ՔԶԱԿ-ի մեղադրանքները

154

Սիրիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում կեղծիք է որակել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) զեկույցը, որով Սիրիայի իշխանություններին մեղադրում են 2018թ. Սարակիբ քաղաքում քլոր պարունակող ռումբ կիրառելու մեջ:

«ՔԶԱԿ զեկույցը կազմվել է այսպես կոչված հետաքննության և նույնականացման խմբի զեկույցի վրա, որին Սիրիան և ՔԶԱԿ մասնակից երկրներից շատերը չեն ընդունում: Դա ապօրինի խմբավորում է՝ ստեղծված ԱՄՆ-ի և արևմտյան դաշնակիցների կողմից: Զեկույցում ներառված են կեղծ և սուտ եզրահանգումներ, որն իրենից ներկայացնում է ևս մեկ սկանդալային հարձակում: Եզրահանգումները հիմնված են նյութերի վրա, որոնք ներկայացրել են ահաբեկիչները և Սիրիայի թշնամի երկրների հետախուզությունները: ՔԶԱԿ փորձագետներն անձամբ չեն եղել ենթադրյալ դեպքի վայրում և փորձանմուշ չեն վերցրել, ինչը խախտում է ընդունված նորմերը և ընթացակարգերը: Սիրիան վճռականորեն դատապարտում է ՔԶԱԿ զեկույցը՝ մերժելով այն ձևով և բովանդակությամբ: Սիրիան կտրականապես հերքում է, որ Սարակիբում կամ Սիրիայի մեկ այլ գյուղում կամ քաղաքում կիրառել է թունավորող նյութեր»,-ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշենք, որ ապրիլի 12-ին ՔԶԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ Սիրիայի ռազմական օդուժը 2018թ. փետրվարին քլորով ռումբ էր նետել գրոհայինների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքում: Ըստ զեկույցի՝ զոհեր չեն եղել, սակայն մարդկանց մոտ նկատվել է քիմիական նյութերից թունավորման այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են սրտխառնոցը, աչքի լորձաթաղանթի բորբոքումը, դժվարած շնչառությունը, հազը և խռխռոցը: