Տարածաշրջանում անհնար է տևական խաղաղություն հաստատել առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման. Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

86

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 15-ի հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.

«Մեծարգո՛ տիկին Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում մեծարգո տիկին Զուրաբիշվիլիին՝ ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկումների համար:

Հայ-վրացական հարաբերություններն ունեն դարավոր պատմություն, և մենք մեծ կարևորություն ենք տալիս հարևան Վրաստանի հետ մեր բարեկամությանն ու համագործակցությանը:

Հայ և վրացի ժողովուրդները դարերով ապրել են կողք-կողքի, հայերը Վրաստանի մշակութային, տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասն են կազմել: Այսօր էլ հայկական բիզնեսը մեծ ներդրում ունի Վրաստանում, իսկ վրացի գործարարները հաջողությամբ աշխատում են Հայաստանում:

Կարող եմ վստահորեն նշել, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումն ինչպես մեր երկրների, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության և զարգացման կարևոր նախադրյալներից մեկն է:

Այսօր իմ վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք օրակարգային հարցերի լայն շրջանակ։

Մենք հաջողությամբ համագործակցում ենք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության ու մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում:

Առկա է համագործակցության մեծ ներուժ ժամանակակից տեխնոլոգիաների, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, կիբերանվտանգության, պարենային անվտանգության ոլորտներում: Այսինքն, համագործակցությունը երկկողմ է և բարձրակողմ:

Հատուկ ընդգծեցի COVID-19-ի դեմ պայքարում մեր երկրների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Համագործակցության առաջխաղացման համար երկուստեք ջանքեր են գործադրվում և ակտիվ աշխատանքներ են տարվում ինչպես հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, այնպես էլ միջգերատեսչական մակարդակներում՝ փոխշահավետ համագործակցության առկա մակարդակն ավելի բարձր նշաձողի հասցնելու համար:

Անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ հաշվի առնելով Թուրքիայի ակտիվ ու բացահայտ աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված նոր իրողությունները։

Իմ վրացի գործընկերոջը ներկայացրեցի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու տեսակետները: Հատուկ ընդգծեցի, որ տարածաշրջանում անհնար է տևական խաղաղություն հաստատել և կայունություն ապահովել առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման միջոցով:

Շեշտեցի պատերազմի հետևանքով առաջացած հսկայական մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գերիներին և պատանդներին ազատ արձակման հարցում շուտափույթ լուծում գտնելու անհրաժեշտությունը։

Ընդգծեցի պատերազմից հետո ստեղծված իրավիճակն Ադրբեջանի կողմից շահարկելու, մարդատյացության, ազգային արժանապատվության ոտնահարման քաղաքականություն վարելու անթույլատրելիությունը: Այդպիսի քաղաքականությունը չի կարող նպաստել երկխոսության մթնոլորտի ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձա նաև ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին։

Տիկին նախագահ, մեր վերջին հանդիպումը Ձեզ հետ 2019 թվականին էր, որից հետո, ցավոք, համավարակով և Արցախյան պատերազմով պայմանավորված, երկկողմ ինտենսիվ հանդիպումների շարունակականությունը խաթարվեց:

Այդուհանդերձ, 2021 թվականն այս առումով բավական ակտիվ է սկսվել, և հավատացած եմ, որ այս ակտիվությունը կպահպանվի նաև ողջ տարվա ընթացքում:

Վստահ եմ, որ Ձեզ հետ միասին, տիկին Նախագահ, կակտիվացնենք ջանքերը մեր երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը նպաստելու, մեր ունեցած ներդրումը մեծացնելու համար:

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Վրաստանի նախագահին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերված բարձր մակարդակի ընդունելության համար և վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ ջանքեր ներդնել Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական ընդլայնման ուղղությամբ:

Կրկին ջերմ շնորհակալություն, տիկին նախագահ: Հուսով եմ, մոտ ապագայում Ձեզ նորից տեսնել Հայաստանում»:

Իր ելույթում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթակ լինելու Վրաստանի առաջարկն ուժի մեջ է:

«Մեր վերջին հանդիպումից հետո տարածաշրջանում ծանր վիճակ էր պանդեմիայի ֆոնին՝ էկոնոմիկայի տեսանկյունից: Չնայած, տարածաշրջանի ու առանձին երկրների համար շատ ավելի ծանր էին պատերազմին տված զոհերը: Պարոն նախագահ, ցավակցում եմ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին ու ուզում եմ կարեկցանքս հայտնել նրանց: 

Կոնֆլիկտի ժամանակ, ինչպես նաև հիմա՝ Վրաստանը խաղաղության կողմից է եղել ու կա: Որպես դրա նշան՝ առաջարկել ենք մեր հարթակը հանդիպումների, երկխոսության ու իրավիճակի կայունացման համար, այս առաջարկը ցանկացած պահի շարունակում է ուժի մեջ մնալ»,- ընդգծել է Զուրաբիշվիլին: