Զախարովա. Հայաստանը և Ադրբեջանը դեռևս գտնվում են փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի հաստատման դժվարին ճանապարհի սկզբում

164

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է խթանել նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղության ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն:

«Մենք չենք կարող չողջունել նախաձեռնությունները, որոնք ուղղված են Երևանի և Բաքվի միջև ամուր խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Դրանց համար վստահելի հիմք են 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ձեռք բերած պայմանավորվածությունները: Պատրաստ ենք հետագայում ևս խթանել նման գործընթացները: Բնականաբար, Հայաստանը և Ադրբեջանն դեռևս գտնվում են փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի հաստատման և երկկողմ հարաբերությունների կարգավորման դժվարին ճանապարհի սկզբում: Կարևոր է, որ այս խթանումը ուղեկցվի դրական ֆոնով, ներառյալ տեղեկատվական»,-ասել է Զախարովան՝ նշելով, որ դեռ պետք է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ`ադրբեջանցի և հայ ընկերների հետ փոխգործակցություն հաստատելու համար:

«Շեշտը դնում ենք նրա վրա, որ Հարավային Կովկասի կայունությունը և կայուն տնտեսական զարգացումը համապատասխանում են այս տարածաշրջանում Ռուսաստանի բոլոր գործընկերների շահերին: Մենք հույս ունենք, որ գործնականում կողմերը կձգտեն քայլերի՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը և վստահության մթնոլորտի ստեղծմանը, այլ ոչ թե նոր բաժանիչ ուղիների»,-ավելացրել է Զախարովան: