ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

1371

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում նշված է, որ հարցի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի դիրքորոշումը չի փոխվել:

«Մեր հայացքներն արտացոլված են սույն թվականի ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարության մեջ»,- նշված է հայտարարությունում:

2019թ. ապրիլի 24-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարություն էր տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ՝ օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը:

Հետաքրքրական է, որ չնայած այն փաստին, որ ԱՄՆ նախագահն իր ելույթում չի նշել «ցեղասպանություն» բառը, այնուամենայնիվ, պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործված է «Genocide» թեգը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։