Իրաքյան հասարակությանը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ նրանց նախնիները փրկել են ցեղասպանությունը վերապրած հայերին. Իրաքում ՀՀ դեսպան

177

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչ Փոլդայանը Իրաքյան Քրդստանում լույս տեսնող «Ankawa.com» կայքի հետ զրույցում խոսել է հայ-իրաքյան դիվանագիտական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

Դեսպանը նշել է, որ Իրաքը բարեկամական երկիր է, կարևոր գործընկեր՝ քաղաքական, տնտեսական, առևտրային, կրթական, զբոսաշրջության բնագավառներում:

Փոլադյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը, շեշտել է, որ միջազգային հանրությունը սպասում է պատմական արդարության հաղթանակին, սակայն, ցավոք, արդարությանը հասնելը ունի քաղաքական չափումներ և ուղղված են այլ շահեր հետապնդելուն:

«Այսօր տասնյակ պետություններ, խորհրդարանականներ, կազմակերպություններ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դա իրավական հետևանք չունի, սակայն կան երկրներ, որոնք բացի ցեղասպանությունը ճանաչելուց քրեական գործ են հարուցել ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ: Այսինքն գլխավոր նպատակն է ապագայում կանխել ցեղասպանությունները, սակայն, ցավոք, մենք տեսնում ենք, որ ցեղասպանությունը դեռ շարունակվում է ամբողջ աշխարհում, օրինակ 2014թ. Սինջարում եզդիների հետ:

Բացի այդ, պետք է նշել, որ թուրքերը նախկինում՝ 1919թ., ճանաչել են ցեղասպանության փաստը. Ստամբուլի ռազմական դատարանը հանձնարարեց պատժել ոճրագործներին»,-ասել է Փոլադյանը:

Դեսպանը նաև բարձր է գնահատել իրաքցի գիտնականների, ինետելեկտուալների և հասարակական գործիչների մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում, որոնք բարձրաձայնում են այս հանցագործության մասին, իսկ ինչ վերաբերում է իրաքյան հասարակությանը, ապա իրաքցիները վաղուց է ճանաչել ցեղասպանությունը, քանի որ նրանց նախնիներն են փրկել ցեղասպանությունը վերապրած հայերին: