Թուրք ուղևորը սպառնացել է պայթեցնել Ստամբուլից Կիպրոս թռչող ինքնաթիռը

792

Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում խուճապ է բարձրացել օդանավը «պայթեցնել պատրաստվող» կնոջ գործողությունների պատճառով: Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ Կիպրոսի թուրքական մաս մեկնող ինքնաթիռում մի կին ուղևոր սկսել է բղավել, որ ինքը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող գյուլենական համայնքի (FETÖ) անդամ է և պայթեցնելու է ինքնաթիռը:

«Ես FETÖ-ական եմ և պայթեցնելու եմ այս ինքնաթիռը»,- սկսել է բղավել կինը այն պահին, երբ ինքնաթիռը արդեն մտնելիս է եղել թռիչքուղի:

Թուրքական կայքի փոխանցմամբ ամեն ինչ ավելի է լրջացել, երբ բղավոցներին զուգահեռ կինը ծխախոտ է վառել ու սկսել ծխել ինքնաթիռի մեջ: Նրան հանգստացնել փորձող ուղևորներին ի պատասխան՝ կինը ասել է, որ այս պահին օդանավակայանում 5 ռումբ է տեղադրված: Այս իրավիճակում անձնակազմը որոշում է կայացրել դուրս հանել ինքնաթիռը թռիչքուղուց, ինչից հետո էլ ուղևորներին տարհանել են:      

Իսկ ինքնաթիռը «պայթեցնել պատրաստվող» «մահապարտ ահաբեկիչ» կնոջը ձերբակալել են: