ԱՄՆ-ի սենատը հաստատել է Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցները. Անկարայի արձագանքը չի ուշացել

744

ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 17-ին հաստատել է պաշտպանության գերատեսչության բյուջեն, որով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում: Պատժամիջոցների կիրառման փաստարկ է ներկայացվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև S- 400 ԶՀՀ-ների գործարքը:

Օրինագիծը, նախատեսում է արգելել F-35 ամերիկյան ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, ինչպես նաև սահմանել պատժամիջոցներ CAATSA օրենքի շրջանակներում։ (CAATSA – Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք-խմբ․)։ Ըստ այդմ՝ օրինագծում նշվել է Թուրքիայի F-35 ինքնաթիռները արտադրական պրոցեսից հանելու անհրաժեշտության մասին

Նշվել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում նաև Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող Թուրքական հոսք գազատարի հարցում: Խոսքը վերաբերում է մասնավորապես գազատարի կառուցման աշխատանքներում ներգրավված նավային ընկերությունների նկատմամբ պատժամիջոց կիրառելուն:

ԱՄՆ-ի 2020թ պաշտպանական բյուջեի օրենագծում նախատեսվում է վերացնել Կիպրոսի դեմ կիրառվող զենքի վաճառքի էմբագոն, սակայն նախատեսվում են որոշակի սահմանափակումներ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը անմիջապես արձագանքել է օրինագծի ընդունմանը՝ այն քննադատող հայտարարություն է տարածելով: ԱԳՆ-ն նշել է, որ ԱՄՆ-ի օրենսդիր մարմինները 2 երկրների միջև հարաբերությունները կարգավորելուն միտված ջանքերին վնաս են հասցնում: Թուրքիայի ԱԳՆ-ն Սենատում ընդունված նախագծում Թուրքիայի հասցեին կիրառված ձևակերպումները թշնամական է որակել:

Ըստ ԱԳՆ-ի հայտարարության՝ Սենատը, F-35 կործանիչների արտադրական ծրագրից Թուրքիային դուրս թողնելով, S-400 գործարքի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով և Թուրքական հոսք նախագիծն էլ դրա մեջ ներառելով, ցույց է տալիս իր թշնամական դիրքորոշումը և անհարգալից վերաբերմունքը Թուրքիայի որպես ինքնիշխան պետության՝ ընդունած որոշումների նկատմամբ:

Անդրադառնալով Կիպրոսի դեմ զենքի էմբարգոն վերացնելուն՝ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ նման որոշումը կձախողի կղզում խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը և վտանգավոր լարվածության պատճառ կդառնա:

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ սպառնալիքները և պատժամիջոցների չեն կարող ստիպել Թուրքիային հրաժարվել ազգային անվտանգությունը ապահովելուն միտված քայլերից: Ըստ ԱԳՆ-ի բնորոշման՝ ձևակերպումները Թուրքիայի դեմ են ուղղված և Թուրքիան անհրաժեշտ միջոցները կձեռնարկի: