Իսրայելի ԱԳՆ-ը ճանաչում է հայ ժողովրդի սարսափելի տառապանքները, խորհրդարանականները կոչ անում ճանաչել ցեղասպանությունը

160

Իսրայելի «Յեշ ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը Իսրայելին կոչ է արել հետևել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի կոտորածը անվանել Ցեղասպանություն:

«Դա կարևոր բարոյական հայտարարություն էր նախագահ Բայդենի կողմից: Ես կշարունակեմ պայքարել, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա բարոյական պատասխանատվություն է հրեական պետության համար»,-Twitter-ում գրել է Լապիդը:

Լապիդը Քնեսեթում (խորհրդարան) օրինագիծ է ներկայացրել՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

«Մերեց» կուսակցության պատգամավոր Թամար Զանդբերգը Բայդենի կողմից ճանաչումը որակել է պատմական:

«Ժամանակն է, որ Իսրայելը պարզի իր քաղաքական շահերը և գործի հիմնարար արդարության համար ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հրեական պետությունը չի կարող ձեռք մեկնել պատմությունը ջնջելու փորձերին»,-ասել է Զանդբերգը:

Իսրայելի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Իսրայել պետությունը ճանաչում է հայ ժողովրդի սարսափելի տառապանքները և ողբերգությունը: Հատկապես այս պահին մենք և աշխարհի ժողովուրդները պետք է պատասխանատու լինեն, որպեսզի նման իրադարձությունները չկրկնվեն»:  

Նշենք, որ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը հայերի կոտորած ցեղասպանություն էին ճանաչել երբ Քնեսեթի խոսնակ էին: