Իրանագետը հատվածներ է ներկայացրել Իրանի ԱԳ նախարարի՝ համացանց սպրդած հարցազրույցից

121

Համացանցում են հայտնվել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի 7-ժամանոց հարցազրույցից հատվածներ, որտեղ Զարիֆը բավականին ուշագրավ հայտարարություններ է արել ԱԳՆ աշխատանքներին Ղասեմ Սոլեյմանիի միջամտության, միջուկային բանակցություններում ՌԴ դիրքորոշման և այլ հարցերի շուրջ: Ըստ ԱԳՆ խոսնակի՝ զրույցը կառավարության արխիվի համար է պատրաստվել և հրապարակման ենթակա չի եղել:

Զարիֆի հայտարարություններից որոշ հատվածները ստորև՝

Ռուսաստանը դեմ է եղել Միջուկային համաձայնագրի կնքմանը և երբ տեսել է, որ համաձայնությունն արդեն մոտ է, փորձել է խոչընդոտներ ստեղծել: Ըստ դիվանագետի՝ Մոսկվայի շահերից չի բխում, որ Իրանը կարգավորի Արևմուտքի հետ հարաբերությունները:

Ղասեմ Սոլեյմանին միջամտել է ԱԳՆ-ի աշխատանքին և ամեն անգամ, երբ Զարիֆը բանակցելու է գնացել, Սոլեյմանին պահանջներ է ներկայացրել, թե ինչի շուրջ պետք է բանակցի, սակայն հակառակը չի եղել: «Ես գնում և բանակցում էի [ռազմական] դաշտի գործի հաջողության համար: Բայց որ ես ասեի՝ Թեհրան-Սիրիա գծի համար «Իրանէյր» ինքնաթիռները մի օգտագործի, նա դա չէր անի: Այնպես որ դիվանագիտությունը ծառայում էր «դաշտին», բայց երբեք «դաշտը» չծառայեց դիվանագիտությանը»,-ասել է Զարիֆը: Նա նաև նշել է, որ Իրանի հասարակության զգալի հատված ավելի շատ «դաշտին» է հավատում և նախապատվություն տալիս, քան դիվանագիտությանը: Հենց այդ պատաճառով է, որ իր վարկանիշը 90-ից իջել է 60 տոկոսի, իսկ Սոլեյմանիինը՝ 70-ից 90-ի:

Իրանի ժողովուրդը հերոսապաշտ է, և հավանում է նրան, ով հաղթանակի խոստում է տալիս:

Իրանի ԱԳՆ-ն ունի «անվտանգային կառուցվածք», և երկրում կան խմբեր, որոնց ձեռնտու է, որ ամեն ինչ «անվտանգային» դառնա: Ըստ նրա՝ դրանք այն խմբերն են, որոնք ոչ միայն ունակ են իրադրությունը խառնելու, այլև զանգվածային ալիք առաջացնելու:

Իրանում զինվորականների ու դիվանագետների տեղերը/դերակատարությունը հակառակն են, սակայն վարչակարգի համար «դաշտն» է առաջնահերթություն: Զարիֆը շեշտել է, որ ինքը արտաքին քաղաքականությունում «զրո» դեր ունի և հավելել, որ «դաշտն» է որոշում, թե ինչպիսին պետք է լինի երկրի քաղաքականությունը:

Պատասխանելով հարցին՝ թե ինչու են զինվորականները միջամտում կառավարության որոշումներին, Զարիֆը նշել է. «Երբ «դաշտն» է որոշողը, այդպես է լինում»:

Ըստ դիվանագետի՝Մոսկվայի կամքով Սոլեյմանիի ՌԴ այցը, ինչպես նաև Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումը Միջուկային համաձայնագրի շուրջ ԱԳՆ ձեռքբերումները ոչնչացնելու նպատակով էին:

Անդարադառնալով Իրաքում Այն-ալ Ասադի բազայի վրա հարձակմանը՝ Զարիֆը նշել է, որ Վաշինգտոնը իրենից ավելի շուտ է իմացել սպասվող հարձակման մասին.հարվածներից 45 րոպե առաջ «Ղոդս»-ից երկու զինվորական Իրաքի վարչապետին հայտնել են հարձակման մասին:

Զարիֆի խոսքով՝ ուկրաինական ինքնաթիռի խոցումից (հունվարի 8, չորեքշաբթի առավոտյան) 2 օր անց (հունվարի 10, ուրբաթ կեսօրին) մասնակցել է Ազգային անվտագության գերագույն խորհրդի նիստին, որտեղ նրան հորդորել են՝ «Գնա՛, գնա՛ թվիթ արա, հերքիր», այն պարագայում, երբ հինգշաբթի առավոտյան կամ չորեքշաբթի կեսօրից հետո նիստի մասնակիցները գիտեին, որ հրթիռ է հարվածել:

Անդրադառնալով բանակցություններին՝ Զարիֆը նշել է, որ այս ամիսները կենսական են, և այն պայմանները, որ այսօր կան, 6 ամիս անց չեն լինելու: «Ընդդիմադիրները կարծում են, որ 6 ամիս ամեն ինչ իր տեղում է լինելու և գալու են երկիրը կառավարեն, սակայն աշխարհն ընթացքի մեջ է, աշխարհը փոխվում է»:

Ընտրություններին մասնակցելու մասին՝ «Չեմ ցանկանում նախագահ դառնալ»:

Իրանագետ Ժաննա Վարդանյան