Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) փոխնախախագահ, Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի մեջլիսի նախագահությանը:
Նախագծով Փայլանն առաջարկում է նաև հանրային վայրերից հեռացնել ցեղասպանություն կատարողների անունները և փոփոխություն կատարել քաղաքացիության մասին օրենքում:
Պատգամավորը նկատել է, որ մինչ աշխարհի շատ երկրների խորհրդարաններ հայերի վտարումը ճանաչում են որպես ցեղասպանություն, կարևոր է, որ Թուրքիայի խորհրդարանը ճանաչի այն:
«Երբ Թուրքիան առերեսվի Հայոց ցեղասպանության հետ, նշանակություն չի ունենա, թե ինչ կասեն այլ խորհրդարաններ: Հայոց ցեղասպանությունը 106 տարի եղել է այլ խորհրդարանների, այլ նախագահների խնդիր, որովհետև այն ժխտվել է: Մենք պետք է հայ ժողովրդի ցավը հասցնենք այն երկիր, որին նրանք պատկանում են, այս երկիր՝ Թուրքիա: Մենք պետք է առերեսվենք հայ ժողովրդի ցավին և ցավը ամոքենքն արդարությամբ»,-ասել է Փայլանը: