Իրանը սկսել է ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի փորձարկումներ իրականացնել։ Այս մասին դեկտեմբերի 18-ին՝ Մալազիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Իրանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված տեքստի համաձայն՝ Ռոհանին մասնավորապես ասել է․ «Չնայած պատժամիջոցներին եւ տնտեսական ճնշմանը՝ մենք միջուկային ոլորտում առաջընթաց ենք գրանցում: Այսօրվա դրությամբ մեզ մոտ աշխատում են IR-6 նոր ցենտրիֆուգները, իսկ IR-9 ցենտրիֆուգները փորձարկումներ են անցնում»։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ավելի վաղ հայտարարել է, որ ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի հզորությունը, որի վրա աշխատում է Իրանը, 50 անգամ ավելի մեծ է IR-1 հիմնական ցենտրիֆուգից:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) զեկույցի համաձայն՝ Իրանի միջուկային օբյեկտներում արդեն տեղակայված են IR-9 տիպի ցենտրիֆուգներ, ինչպես նաեւ մի շարք ուրիշներ, որոնք նախատեսված չեն միջուկային գործարքով։
Հիշեցնենք, որ 2015թ․ «Վեցյակը» (Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը) և Իրանը հայտարարել էին, որ համաձայնության են եկել «Համատեղ համապարփակ գործողությունների պլանի» շուրջ։ Ըստ այդմ՝ նախատեսվում էր, որ Իրանի դեմ պատժամիջոցները կհանվեն, փոխարենը Իրանը կսահմանափակի իր միջուկային ծրագիրը։ Սակայն ընդամենը երեք տարի անց՝ 2018թ․ ԱՄՆ-ը հայտարարեց պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին և վերականգնեց Իրանի դեմ խիստ պատժամիջոցները։ Մեկ տարի անց Իրանը իր հերթին հայտարարեց, որ փուլային կարգով կկրճատի վերը նշված պայմանագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները։