«Սենատի որոշումից հետո Կալիֆորնիայում սպասվում է դատական գործընթացների տարափ». թուրք պատմաբան

957

Օրերս ԱՄՆ Մասաչուսսեթսի նահանգի Քլարկ համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամը և Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի դեկան  Շվոն Նաշ-Մարշալը դասախոսություն են կարդացել Էստոնիայի գիտությունների ակադեմիայում նվիրված՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությանը։

Էստոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ իրականացված միջոցառումից հետո թուրք անվանի պատմաբան Թաներ Աքչամը հարցարզրույց է տվել էստոնական առաջատար Eesti Päevaleht պարբերականին, որում անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև այս հարցում Թուրքիայի ժշտաղական քաղաքականությանը։
Հարցազրույցում թուրք պատմաբանը, անդրադառնալով ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, նշել է որ այն հատկպես կարևոր է իրավական տեսանկյունից.

«Առաջին հերթին, ԱՄՆ-ը տարբերվում է բոլոր մյուս երկրներից: Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումը շատ ավելի մեծ ազդեցություն է գործում Մերձավոր Արևելքի և մասնավորապես Թուրքիայի վրա, քան, օրինակ, Ֆրանսիայի կամ Գերմանիայի համապատասխան բանաձևերը: Երկրորդ՝ ճանաչումը կարևոր է ԱՄՆ իրավական համակարգի մեկ առանձնահատկության պատճառով: Ամերիկյան օրենսդրության համաձայն, ցանկացած կառավարություն, պետական գործակալություն, բանկ կամ մասնավոր ընկերություն կարող է բողոք ներկայացնել դատարան, եթե կարողանաք ապացուցել երկու բան: Նախևառաջ՝ կազմակերպությունը պետք է որևէ առնչություն ունենա այս իրադարձության հետ, տվյալ դեպքում ցեղասպանության հետ: Երկրորդ՝ դրանք որևէ կապ պետք է ունենան Միացյալ Նահանգների հետ: Եթե այդ երկու պայմանները գործում են, ապա անհրաժեշտ է երրորդը՝ ԱՄՆ-ը պետք է դա ճանաչած լինի որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը ժամկետ չունի:Այնուհետև արդեն իսկ կարող են ներկայացվել միլիոնավոր դոլարների դատական հայցեր: Միացյալ Նահանգները կարող են սառեցնել այդ կազմակերպությունների հաշիվները: Սա հսկայական խնդիրներ է առաջացնում Թուրքիայի համար»,- ասել է Աքչամը։

Պատմաբանը նաև նշել է, որ բանաձևի ընդունումը կհանգեցնի ամերիկահայերի կողմից դատական գործընթացների մեկնարկին՝ ասելով. «Օրինակ, Կալիֆորնիայում արդեն սպասվում է դատական գործընթացների տարափ։ Առայժմ դրանք պարզապես սպասողական դրության մեջ էին, քանի դեռ բացակայում էր ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Այժմ ուժի երեք աղբյուրներից, Նախագահ, Ներկայացուցիչների Պալատ և Սենատ, երկուսի ճանաչումները ձեռք են բերվել և ըստ իրավագետների մեծամասնության գնահատականի՝ դա բավարար է»։
Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ Աքչամը նշել է, որ Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի հանրապետության գերիշխող ավանդությունն ու հիմնադիր գաղափարախոսությունն էր:

Աքչամն այսպես է բնութագրել թուրքական ժխտողականությունը.

«Ես կգերադասեի օգտագործել գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի արտահայտությունը, այն է ՝ «քողարկված բռնություն»: Ստեղծելով հավաքական ինքնություն ՝ դուք ստեղծում եք որոշակի ճառաբանություն, որոշակի արտահայտություններ, տերմինաբանություն և թե ինչպես եք դուք ինքներդ ձեզ և ուրիշներին դիտարկում դրանցում: Հաբերմասը նշում է, որ կան բաներ, որոնց մասին չես ուզում հիշել, երբ չես ուզում այդ մասին խոսել»: