Վրաստանում Թուրքիայի դեսպան. Ոչ ոք չի պատրաստվում գողանալ Ռիոնիի ջուրը Թուրքիայի համար

154

Վրաստանում Թուրքիայի դեսպան  Ֆաթմա Ջերեն Յազգանն կրկին արձագանքել է Նամախվանիի հէկ-ի ամբարտակի շինարարության շուրջ զարգացումներին՝ նշելով, որ ոչ ոք չի պատրաստվում գողանալ Ռիոնիի ջուրը Թուրքիայի համար:

«Այդ նախագիծը կառուցվում է Վրաստանի և վրացիների համար, և չի կառուցվի վրացիների դեմ: Ես ողջունում եմ, որ կառավարությունն աշխատում է վստահությունը վերականգնելու ուղղությամբ և բանակցություններ է վարում մարդկանց հետո, որոնք դեմ են հէկ-ի շինարարությանը և հատկապես այս նախագծին: Կառավարության, թուրք-նորվեգական («Էնկա») ընկերության և նախագծի դեմ արտահայտվողների միջև պետք է երկխոսություն լինի: Կարծում եմ, որ դա մի քիչ ուշացած է, սակայն գործընթացը կսկսեն, ինչն արդեն լավ է: Ես նաև ուրախ եմ, որ ապատեղեկատվությունը և քարոզչությունը, որն ուղղված էր մեր երկրի՝ Թուրքիայի դեմ, աստիճանաբար հանգում է»,-նշել է դեսպանը:

Նրա խոսքով, Նամախվանի հէկ-ի ամբարտակի կառուցումը հարցեր են առաջացրել թուրք ներդրողների մոտ՝ արդյոք արժե ներդրումներ անել Վրաստանում:

«Ներդրողներն արդեն ինձ հարց են տալիս, և ես վստահեցնում եմ, որ ապատեղեկատվությունն ու քարոզչությունը հիմնականում գալիս է դրսից, և որ Վրաստանում բարենպաստ միջավայր է թուրք գործարարների համար: Ես մինչև հիմա Ֆեյսբուքում տեսնում եմ նոր էջեր, որոնք խելագար գաղափարներ են տարածում և շահարկում: Հենց դրա համար էլ ուզում եմ ասել, որ ոչ ոք չի պատրաստվում գողանալ Ռիոնիի ջուրը Թուրքիայի համար, դա Վրաստանի բնական հարստությունն է և պատկանում է Վրաստանին»,-հայտարարել է դեսպանը:

Հիշենցնենք, որ արդեն 5 ամիս է, ինչ Վրաստանում ցուցարարները պահանջում են չեղարկել Ռիոնի գետի վրա ՀԷԿ-ի շինարարությունը, որը պատկանում է թուրքական «Էնկա» ընկերությանը: Բողոքի ալիքի ֆոնին՝ Վրաստանի իշխանությունները 9-12 ամսով դադարեցրել էին շինարարությունը: Վրաստանում Թուրքիայի դեսպանը բողոքի ակցիաները որակել է «հակաթուրքական և թուրքաֆոբ»: