Հայտնի զրույցից հետո Զարիֆի նկատմամբ ներքին գրոհները վերսկսվել են

135

Ինչպես և սպասելի էր՝ հայտնի զրույցից հետո Զարիֆի հասցեին քննադատությունների տարափ է՝ հատկապես պահպանողական ճամբարի կողմից: Բացատրություններ տալու համար Զարիֆն առաջիկայում ներկայանալու է խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողով:

Զարիֆի դեմ ներքին գրոհները նորություն չեն: Դրանք հատկապես ուժգնացել են վերջին տարիներին՝ Միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալու առիթով ու պայմանավորված այն մտավախությամբ, որ Զարիֆը կարող է թեկնածություն դնել նախագահական ընտրություններին: Գրոհներից մեկից հետո Զարիֆը հայտարարել էր, որ ԱԳՆ-ն ստիպված է երկրի ներսում էլ պաշտպանել իրեն:

Դիվանագետի դեմ քարոզչական մեծ հարձակում եղավ 2020-ի հունվարի վերջին, երբ նա հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ հետ, եթե վերջինս վերջ դնի պատժամիջոցներին: Այս խոսքերից հետո Զարիֆի դեմ նաև ցույցեր կազմակերպվեցին, և հիմնական դժգոհությունը պայմանավորված էր նրանով, որ Զարիֆը նման հայտարարություն (ինչն իրականում նոր բան չէր) էր արել Սոլեյմանիի մահվանից շաբաթներ անց:

Զարիֆի դեմ հերթական խոշոր գրոհը եղավ 2020-ի հուլիսին, խորհրդարանում, որտեղ դիվանագետին մեղադրեցին հնարավոր ամեն ինչում: Ելույթի ընթացքում նաև Զարիֆի հասցեին վիրավորանքներ հնչեցին, նրան անվանեցին «ստախոս» և անգամ վանկարկեցին «մահ ստախոսին»: Այս ամենին Զարիֆն արձագանքեց շատ զուսպ՝ պատասխանելով, որ «իրենք բոլորը նույն նավակում են, և ԱՄՆ-ն, Իսրայելը լիբերալ, բարեփոխական, պահպանողական, հեղափոխական ու ոչ հեղափոխական չեն ճանաչում, քանի որ նրանք Իրանին են դեմ»: Հետաքրքիր է նաև, որ այդ ժամանակ պատգամավորներից մեկը Զարիֆին կոչ է անում«Սոլեյմանիի նման լինել», Զարիֆն էլ արձագանքում է. «ինչից եք տեղյակ. ամեն շաբաթ Սոլեյմանիի հետ հանդիպում ենք, ամեն ինչ միասին համակարգում»:

Զարիֆի շուրջ աղմուկ առաջացրած մեկ այլ դեպք է 2019 թվականից «Gando» սերիալի հեռարձակումը, որտեղ Զարիֆը ներկայացված է բացասական երանգով՝ որպես անբան, երկրի ազգային շահերին վնաս հասցնող կերպար: Ընթացիկ տարվա մարտից սկսվել է հեռարձակվել սերիալի երկրորդ սեզոնը, սակայն որոշ ժամանակ անց հեռարձակումն ընդհատվել է: Ասում են՝ կառավարության բողոքների արդյունքում են դադարեցրել ցուցադրումը, բայց կառավարությունը հերքում է իր կապը: Զարիֆի ձայնագրության արտահոսքից հետո իրանցի օգտատերերը նաև կատակում են, որ «Gando 3»-ի սցենարն արդեն պատրաստ է:

Եվ չնայած այս ամենին՝ Զարիֆը շարունակում է պնդել, որ ընտրություններին չի մասնակցելու, իսկ մամուլն էլ (թե՛ բարեփոխական, թե՛ պահպանողական) շարունակում է խոսել նրա թեկնածության մասին:

Հ.Գ. Ծաղրանկարն արվել է 2020թ. հունվարին, Զարիֆի՝ ԱՄՆ հետ բանակցելու մասին հայտարարության առնչությամբ:

Իրանագետ՝ Ժաննա Վարդանյան