«Զարիֆի գործով» առաջին հրաժարականը

116

Իրանագետ Ժաննա Վարդանյանը գրում է, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի զրույցի արտահոսքից հետո առաջին հրաժարականն է գրանցվել:

«Իրանի նախագահի աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հեսամեդդին Աշնան հրաժարական է տվել: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է կառավարության խոսնակ Ալի Ռաբիեին: Հրաժարականը պայմանավորված է կառավարության արխիվի համար արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի զրույցի արտահոսքի միջադեպով, քանի որ Աշնան այդ նախագծի պատասխանատուներից մեկն էր: Մյուս պատասխանատուն նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին է, որը դեռ իր պաշտոնին է:Ի դեպ, կառավարության արխիվի՝ «Թափանցիկ պատմություն» կոչվող ծրագրի շրջանակներում պատրաստվել է 33 հարցազրույց: Ինչ վերաբերում է Զարիֆի զրույցի հրապարկման դրդապատճառներին, ապա դրա շուրջ կարծիքները հիմնականում բաժանվել են երկու մասի՝

Կառավարությունը և նրան կից բարեփոխական ճամբարը պնդում են, որ ձայնագրությունը հրապարակվել է Վիեննայի բանակցություններին վնաս հասցնելու նպատակով, ինչպես նաև սպասվող ընտրություններում Զարիֆին չեզոքացնելու համար: Ըստ այս շրջանակների՝ Վիեննայում բանակցությունների հաջողությունը ընտրություններում հաղթաթուղթ կարող է լինել, դրա համար էլ հակառակորդները ամեն կերպ ջանում են խոչընդոտել համաձայնության կայացմանը:

Պահպանողական թևն էլ պնդում է, որ սպասվող ընտրություններին ընդառաջ կառավարությունն ու իր ճամբարը փորձում են սիրաշահել ժողովրդին, պատասխանատվությունը հեռացնել իրենց վրայից և ցույց տալ, որ երկրի խնդիրների համար մեղավոր չեն:

Չի բացառվել նաև, որ «գողությունը» դրսից կարող է կազմակերպված լինել՝ Նաթանզի վրա դիվերսիոն հարձակումների նման»։