Ադրբեջանն ապօրինի ուժի կիրառմամբ տարածաշրջանում ստեղծեց անկայուն իրավիճակ, որը չի երաշխավորում մշտական ​​խաղաղություն. Իրաքում ՀՀ դեսպանի հոդվածը

73

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչ Փոլադյանը արցախյան վերջին պատերազմի մասին հոդված է տպագրել իրաքյան «Al-Alam al-Jadid» կայքում՝ անդրադառնալով պատերազմից հետո Ադրբեջանի որդեգրած անմարդկային կեցվածքին, Բաքվում «ռազմական ավարի զբոսայգու» բացմանը և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման տեսլականին:

Դեսպանը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը չի կարող հիմնված լինել «պարտվողներ և հաղթողներ» չափանիշի վրա:

«Հաղթանակն ունի նաև իր պատվո կանոնները՝ առաքինությունը, առատաձեռնությունը և մարդկային այլ արժեքներ, որոնք ցավոք ոչ բոլորին են հայտնի….Նրանք (իմա՝ Ադրբեջանի իշխանությունները) գիտեին, որ բացի ադրբեջանական հասարակության մեջ նոր ատելություն առաջացնելուց, «զբոսայգում» ցուցադրված իրերը՝  սաղավարտները, Արցախից բերված առարկաները, հայ զինվորների և ռազմագերիների կերպարով մանեկենները, լրացուցիչ տառապանքներ են պատճառելու զոհվածների ընտանիքներին, հայ ժողովրդին:

Նման ցուցահանդեսի բացումը հստակորեն հաստատում է Ադրբեջանի պետական​​քաղաքականությունը՝  Ադրբեջանում հայերի դեմ ատելություն և թշնամանք սերմանել: Այս քաղաքականությունը հետևողականորեն իրականացվել է տարիներ շարունակ և հաստատվել է կոնկրետ ապացույցներով: «Ցուցադրությունը» ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Հայաստանի և Արցախի բոլոր բնակիչների նկատմամբ»,-գրել է դեսպանը:

Փոլադյանը շեշտել է, որ  ցեղասպանություն և ողբերգություններ տեսած հայ ժողովուրդը գիտի խաղաղության արժեքը:

«Բայց իսկական խաղաղությունը հայ ժողովրդի համար զուտ գեղեցիկ խոսք չէ: Խաղաղությունը, որը հիմնված է Արցախի խաղաղ բնակավայրերի՝ այդ թվում Հադրութի շրջանի ոչնչացման, հայ բնակչության տեղահանման և դրա փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման վրա, չի կարող երկար տևել և լինել ամուր: Մենք շարունակելու ենք մեր պայքարը արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար` սերտ համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ:

Ադրբեջանի ղեկավարության հակահայկական դիրքորոշումը, հատկապես ռազմագերիների հարցում, թույլ չի տալիս ակնկալել իրավիճակի լուծում: Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ ռազմագերիների վերադարձի հարցը լուծվել է, սակայն համաձայն միջազգային մարդասիրական օրենքի՝ Ժնևի կոնվենցիաների և հրադադարի եռակողմ հռչակագրի, գերիները պետք է վերադարձվեին առանց նախապայմանի: Սակայն Ադրբեջանը խուսափում է իր միջազգային պարտավորություններից՝ իրարամերժ քաղաքական շահարկումներ անելով»,-նշել է դիվանագետը՝ ներկայացնելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թիվը:

«Ադրբեջանի ապակառուցողական քայլերը ոչ միայն իրական վտանգ են հայ ռազմագերիների վերադարձի համար, այլ նաև սպառնում է նրանց կյանքին, և մտավախություն կա, որ նրանք բռնի կանհետանան և կտտանքների կենթարկվեն: Հայկական կողմը կասկածներ ունի, որ Ադրբեջանը գերիներին ու պատանդներին օգտագործում է նվաստացման, նրանց թրաֆիքինգի ենթարկելու և այլ հանցավոր նպատակների համար: Այս կասկածների հիմքում ընկած են սոցիալական ցանցերում շրջանառվող բազմաթիվ տեսանյութեր, որոնք ցույց են տալիս հայ բանտարկյալների նկատմամբ դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը, ներառյալ խեղումներն ու գլխատումները: Ադրբեջանական կողմը կեղծ օրակարգերով փորձում է շրջանցել միջազգային հանրության կողմից բարձրացված հումանիտար հարցերից մեկը՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ:

Ադրբեջանն ապօրինի ուժի կիրառմամբ տարածաշրջանում ստեղծեց անկայուն իրավիճակ, որը չի երաշխավորում մշտական ​​խաղաղություն: Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորումը, որը հիմնված պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, հրամայական է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Հարավային Կովկասը դարձնել անվտանգ, կայուն և բարեկեցիկ տարածաշրջան»,-եզրափակել է դեսպանը: