«Նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին. Արցախի ՄԻՊ

71

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում «վերանորոգման աշխատանքների» անվան տակ Ադրբեջանը աղավաղում է հայկական հոգևոր մշակութային արժեքներից մեկը՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայկական ներկայությունն ու հետքը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից եկեղեցում տարվող «շինարարական աշխատանքներին»: 

Ադրբեջանը չի կարող վերականգնել մի ժողովրդի մշակութային արժեք, որի նկատմամբ տարիներ շարունակ պետական մակարդակով համակարգված ատելություն է տարածումԱյսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիները աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Բազմաթիվ դեպքերով մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերում հայկական մշակութային արժեքներին, և արդեն իսկ հասկանալի է, թե «վերանորոգման աշխատանքների» անվան տակ իրականում ինչ է արվում․ նպատակը հայկական ներկայությունն ու հետքը ոչնչացնելն է։

Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից վարվել է Արցախում հայկական քրիստոնեական մշակույթը ալբանիզացնելու կամ այլ ազգերին վերագրելու պետական քաղաքականություն, որը բազմիցս քննադատության է արժանացել պատմաբանների և մշակութաբանների կողմից մի պարզ պատճառով, այդ փորձերը հիմնազուրկ են թե՛ պատմական ժամանակագրության, թե՛ մշակութային- ճարտարապետական առանձնահատկությունների տեսանկյունից։

Եթե Ադրբեջանն իրոք հոգում է մշակութային արժեքների պահպանության մասին և «վերանորոգում» է այն, ապա մեծ հարց է առաջանում` ո՞րն է պատճառը, որ մինչև այսօր չի թույլատրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական խումբը ժամանի տարածաշրջան։ Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող վանդալիզմի մասին մենք ամեն օր ենք բարձրաձայնում՝ միջազգային համապատասխան կառույցներին տեղեկացնելով կատարվողի մասին։ Սակայն հարցը քննադատություններից կամ կոչերից այն կողմ չի անցնում, այնինչ հստակ քայլեր են պետք։ Թողտվությունն ու անպատժելիություն են Ադրբեջանի սանձարձակ պահվածքի հիմնական պատճառները»,-գրել է Ստեփանյանը: