Յաիր Լապիդը խոստացել է Իսրայելում միասնության կառավարություն ձևավորել

234

Իսրայելի «Յեշ ատիդ» («Կա ապագա») կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, որին նախագահ Ռեուվեն Ռիվլինը հանձնարարել է կառավարության կոալիցիա կազմել մարտի 23-ի ընտրությունների արդյունքով, խոստացել է միասնության կառավարություն ձևավորել, որտեղ աջակողմ և ձախակողմ ուժերը համատեղ կաշխատեն գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու համար:

«Միասնության կառավարությունը փոխզիջման հարց չէ, այլ մեր նպատակը: Մենք պետք է ստեղծենք կառավարություն, որը կարտացոլի այն հանգամանքը, որ մենք չենք ատում միմյանց»,-ասել է Լապիդը:

Նշենք, որ մայիսի 5-ին լրացել էր այն ժամկետ, որը տրված էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կառավարություն ձևավորելու համար:

Ի դեպ, Լապիդը վերջերս Քնեսեթում (խորհրդարան) օրինագիծ էր ներկայացրել՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: