Նոր չափանիշներ՝ Իրանում նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողների համար

218

Մայիսի 11-ին Իրանում մեկնարկելու է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը (տևելու է մինչև մայիսի 15-ը)։ Իսկ մինչև այդ Սահմանադրության պահապանների խորհուրդը ներկայացրել է նոր չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն թեկնածուները։

Ըստ այդմ՝ թեկնածուները՝

Պետք է լինեն 40-75 տարեկան

Ունենան մագիստրոսական կամ դրան համարժեք կրթության մասին վկայական

Երկրի ղեկավար պաշտոններում առնվազն 4 տարվա կառավարման փորձ ունենան

Չունենան դատվածություն

Նախարարները, նահանգապետները, 2 մլն-ից ավելի բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետները, գեներալ-մայորի և դրանից բարձր կոչում ունեցող ԶՈւ հրամանատարները ևս կարող են թեկնածունություն դնել: Առհասարակ Իրանի նախագահական ընտրությունների օրենքում ու նաև հետագայում ընդունված լրացումներում թեկնածուների գրանցման համար պահանջվող չափանիշները շատ վերացական են շարադրված։ Ըստ օրենքի՝ գրանցվելու համար թեկնածուն պետք է լինի.

Կրոնական, քաղաքական գործիչ

Իրանցի

ԻԻՀ քաղաքացի

Լավ կառավարիչ և գործունյա

Վստահելի և բարեպաշտ

Հավատացյալ և հավատարիմ Իրանի իսլամական հանրապետության սկզբունքներին և պաշտոնական կրոնին:

2017թ․ ընդունված որոշմամբ, օրինակ, բացատրվել է, թե ովքեր են մտնում կրոնական ու քաղաքական գործիչ հասկացությունների տակ։ Սակայն տարիքի ու փորձի մասով պարզապես նշվում են «նախագահի պարտականությունները կատարելու համար համապատասխան տարիք», «կառավարման ոլորտում բավարար փորձ» ձևակերպումները։

Այժմ Պահապանների խորհուրդն ասում է, որ նոր փոփոխությունների կարիքն իսկապես կար, քանի որ կան մարդիկ, որ գալիս են իրենց թեկնածությունը գրանցելու՝ «ունենալով միայն անձնագիր ու մի քանի լուսանկար»։ Ըստ խորհուրդի՝ 2017թ. ընտրություններին թեկնածության հայտ ներկայացրած 1636 անձանցից 1200-ը բակալավրի կամ ավելի ցածր աստիճանի կրթություն է ունեցել, իսկ շուրջ 300-ը դատվածություն է ունեցել:

Նոր փոփոխություններով անհնարին է դառնում ընտրություններին Մոսթաֆա Թաջզադեի մասնակցությունը, քանի որ նա 7 տարի ազատազրկված է եղել: Թաջզադեն բարեփոխականների առաջարկած թեկնածուներից 3-րդն էր: Ընտրություններին ամենայն հավանականությամբ չի կարողանա մասնակցել ԻՀՊԿ «Խաթամ ալ-Անբիա» ինժեներական ընկերության նախկին ղեկավար Սաիդ Մոհամմադը, որը բրիգադային գեներալի կոչում ունի։ Սաիդ Մոհամմադը առաջիններից էր, որ հայտնել էր ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Անհնարին է դառնում նաև Կապի նախարար Ազարի Ջահրոմիի մասնակցությունը: 39 տարեկան Ջահրոմիի հավանական թեկնածությունը շատ էր քննարկվում իրանական մամուլում:

Իսկ Պահապանների խորհուրդը գրանցված թեկնածուներին ուսումնասիրելու է մայիսի 21-25-ը: Մայիսի 26-27-ին էլ ներկայացնելու է հաստատված թեկնածուների ցանկը:

Իրանագետ Ժաննա Վարդանյան