Հայկո Բաղդատի բացառիկ հարցազրույցը Ermenihaber.am-ին (2-րդ մաս) — Արցախ

244

Մեր ընթերցողին ներկայացնում ենք պոլսահայ մտավորական, անվանի լրագրող, գրող և հրապարակախոս Հայկո Բաղդատի հետ հարցազրույցի 2-րդ մասը, որտեղ նա մեկնաբանում է արցախյան վերջին պատերազմը, Ադրբեջանի և Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությունը։

(հարցազրույցի 1-ին մասը՝ այստեղ)

Թուրքիայում նրա դեմ ուղղված հալածանքները և սպառնալիքները 2016-ին արդեն հասել էին չափազանց վտանգավոր աստիճանի։ Քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները Հայկո Բաղդատին ստիպեցին լքել իր ծննդավայր Թուրքիան և բնակություն հաստատել Գերմանիայում։ 

Նա, իբրև մտավորական, հայտնի է իր համարձակ պայքարով՝ հանուն Հայոց ցեղասպանության ընդունման, ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության։

— Արցախյան վերջին պատերազմը և Թուրքիան. այս առումով ի՞նչ կասեք։

-Այս պատերազմը միանշանակ այլ բան չէր, քան՝ ցեղասպանության շարունակություն։ Այս իրողության մասին ես բազմիցս խոսել եմ նաև եվրոպացի խորհրդարանականների ու եվրոպական հասարակության մոտ։ Ի՞նչ արժեք ունի ձեր կողմից ցեղասպանության ճանաչումը, ի՞նչին է օգուտ տալիս։ Նկատի ունեմ Ֆրանսիային ու Գերմաինիային։ Հիմա այսպիսի մի բան պատկերացրեք։ Իհարկե, սխալ է հրեաների ցեղասպանության հետ զուգահեռ անցկացնելը, բայց պատկերացրեք, որ նացիստական ուժերը Գերմանիայում պարտություն չեն կրել և հիտլերյան դրոշներով մեր օրերում հանկարծ Գերմանիան հարձակվում է Իսրայելի վրա։ Ահա մեր ապրածը սա է։ Թալեաթ փաշայի դրոշներով հարձակվեցին մեզ վրա։

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը բերեցին մեզ վրա։ Ես գնացել և Ռոժավայում իմ աչքերով եմ տեսել «Իսլամական պետությունը»։ Այդ նույն «Իսլամական պետությունը» բերեցին Հայաստանի սահմանին մեր երեխաների գլուխը կտրելու համար։ Սա ցույց տվեց, որ համաշխարհային հանրության կողմից ցեղասպանության հարցի նկատմամբ ցույց տրված զգացականությունը ոչ մի օգուտ չունի։ Այսինքն ցեղասպանները մի անգամ էլ են փորձել կրկնել իրենց ցեղասպան գործողությունները և փաստորեն հաջողել են։

— Պատերազմի հետևանքները, օգուտներն ու վնասները կողմերի համար՝ ըստ Ձեզ։

-Ադրբեջանն այսօր Էրդողանին պետք է որպես կովկասյան ճակատ։ Այնպես, ինչպես պետք է օրինակ Ռոժավայի ճակատ, կամ միջերկրածովյան ճակատ։ Մի բռնապետ մեկ ուրիշ բռնապետի հետ համագործակցում է։ Հիմա էլ Թուրքիան իր ուզածի չափ ապրանք կվաճառի Ադրբեջանին, այդ թվում և զենք։ Հետևաբար իրենց դաշինքը տարածաշրջանի մարդկանց խաղաղություն, բարեկեցություն բերող դաշինք չէ, թշնամանք տարածող չարիքի դաշինք է։ Երկու բռնապետների այս դաշինքը շատ մտահոգիչ է ողջ տարածաշրջանի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այս հղումով: