Ձերբակալվել է Ադրբեջանի վարչական շրջաններից մեկի ղեկավարը կաշառք ստանալու պահին

908

Դեկտեմբերի 19-ին հայտնի է դարձել Ադրբեջանի Աղստաֆայի (Աղստև) շրջանի ղեկավար Նիզամեդդին Գուլիևի, նրա տեղակալներ՝ Ռամիզ Թաթարովի և Լալե Էյուբովայի ձերբակալման մասին։ Համաձայն ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ վերջիններս ձերբակալվել են ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դեկտեմբերի 18-ի երեկոյան՝ կաշառք ստանալու պահին և տեղափոխվել Բաքու։

Ն․Գուլիևը Աղստաֆայի շրջանը ղեկավարում է 2019թ․ ապրիլից, մինչ այդ՝ 2009-2019թթ․ նա զբաղեցրել է Գորանբոյի շրջանի ղեկավարի պաշտոնը։ Վերջինիս ձերբակալությունից հետո մամուլում ակտիվ տեղեկություններ են սկսել շրջանառվել նաև նրա՝ այդ տարիների յուրացումների, ծավալած ապօրինի գործունեության մասին։ Ձերբակալվածներից Ռամիզ Թաթարովը նաև իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության Աղստաֆայի շրջանի մասնաճյուղի ղեկավարն է։

Նրանք երկուսն էլ ադրբեջանական իշխանությունների կողմից տարբեր տարիներին պարգևատրվել են պետական բարձր աստիճանի շքանշաններով։

Ձերբակալությունը մեծ աղմուկ է բարձրացրել ադրբեջանական հանրության շրջանում։ Այն ձերբակալվածների զբաղեցրած պաշտոնների մակարդակի առումով ամենաաղմկահարույց դեպքն է, որ գրանցվել է վերջին տարիներին։