Իսրայելահայ լրագրող. Մերձավոր Արևելքը միշտ հիշեցնում է վառոդով լի տակառ

590

«Region Monitor»-ը պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումների վերաբերյալ հարցազրույց է վերցրել Իսրայելում հավատարմագրված լրագրող, Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանից: Չերնամորյանն անդրադարձել է ներկայիս ռազմական գործողությունների սկսման պատճառներին, կոնֆլիկտի հանցուցալուծմանը, համեմատական անցկացրել ներկայիս գործողությունների և նախկին բախումների միջև: Լրագրողը ներկայացրել է նաև Իսրայելում և Պաղեստինում հայ համայնքի տրամադրություններն ու դրությունը:

1) Ըստ Ձեզ, որո՞նք էին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացման պատճառները:

— Նախ, իմ կարծիքով, այստեղ շատ խորը վերլուծություն է պետք կատարել, որպեսզի հասկանանք` որն է այս հակամարտության պատճառը։ Գիտեք, որ արաբների մոտ Սուրբ Ռամադան (մուսուլմանական պահքի ամիս) տոնն էր։ Արաբները սովորաբար Իսրայելի տարբեր տարածքներից և նույնիսկ Պաղեստինից հնարավորություն են ստանում գալ և աղոթել Երուսաղեմում գտնվող Ալ-Ակսա մզկիթում։ Մի քանի օր էր ընդամենը Ռամադանին մնացել և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած կառավարությունը որոշում կայացրեց սահմանափակել արաբների մուտքը  Ալ-Ակսայի մզկիթ։ Թե ինչու այս որոշումը ընդունվեց, այս պահին դժվարանում եմ ասել, որովհետև մի շարք պատճառաբանություններ կան։ Օրինակ՝ կորոնավիրուսի համաճարակը, քանի որ Իսրայելում ոչ բոլոր արաբներն են պատվաստվել և մի շարք այլ թեմաներ են ասում, որ անվտանգության խնդիրներ կան. արաբների ու հրեաների միջև տեղի են ունենում ծեծկռտուք և այս հանգամանքներից ելնելով կայացվեց այս որոշումը։
Շշուկներ կան, որ այս որոշումը իսրայելական կառավարությունը կայացրել է նաև քաղաքական պատճառներով։ Բենյամին Նեթանյահուն արդեն  հնարավորություն չուներ կառավարություն ձևավորելու և մանդատը տրվել էր ընդդիմադիր Յաիր Լապիդին, որն էլ  արաբական կուսակցության հետ միասին կազմելու էր համերաշխության կառավարություն։ Եվ որպեսզի այդպիսի կառավարություն թույլ չտան, սահմանափակելու և մի փոքր սրացում մտցնելու համար նման որոշում կայացվեց։ Սրանք ուղղակի կարծիքներ են, որոնք չեմ կարող ոչ հաստատել և ոչ էլ մերժել։ 

Հակամարտությունը ծագեց զուտ Երուսաղեմում, հայկական թաղամասից ոչ հեռու արաբահրեական այս տարրերի միջև, երբ մեկը մյուսի նկատմամբ սկսեցին բռնություն գործադրել, քարեր շպրտել, իրար ծեծել: Ոստիկանությունն անմիջապես միջամտում էր, ձերբակալում էր արաբներին և հրեաներին, որոնք որ մասնակցում էին այդ խուլիգանություններին։

Մերձավոր Արևելքը միշտ հիշեցնում է վառոդով լի տակառ և ցանկացած մի փոքր միջադեպ միանգամից կարող է վերածվել մեծ պատերազմի։ Սա այն է, ինչ այս անգամ տեղի ունեցավ։

2) Այս ռազմական գործողություններն ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ և ինչպես կհանգուցալուծվեն:

— Հարցը բավականին լայնածավալ է։ Ամենավերջին պատերազմի ժամանակ, որը 50 օր տևեց, Իսրայելում այն պատերազմ չեն կոչում, այլ այս հակամարտություններն անվանում են ռազմական օպերացիաներ։ Եթե կոչվեն պատերազմներ, ապա բոլոր քաղաքացիները պետք է նստեն տանը և պետությունից ստանան 100 տոկոսով աշխատավարձ։ Պետությունը, որպեսզի Իսրայելի բոլոր բնակչությանը կամ հրթիռահարվող հատվածներին աշխատավարձ չտա, այս իրադարձություններն անվանում է ռազմական օպերացիա, բայց ոչ պատերազմ։

Այս իրավիճակը կարող է շատ երկար ձգվել։ Ինչպես արաբների առաջին և երկրորդ ինթիֆադաները (արաբների պայքարը Իսրայելի դեմ), այս հակամարտությունները ևս կարող են տարիներ տևել։ Սակայն երկուստեք, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, իմ կարծիքով, ձեռնտու չէ շատ երկարացնել այս հակամարտությունը։ Այժմ Իսրայելում լուրեր են պտտվում, որ մոտ մի քանի օրերի ընթացքում այս հակամարտությունը կհանգուցալուծվի։ Սակայն ինչպիսի արդյունքերով, ինչ գնով, դա այս պահին դժվար է ասել։ Կարող եմ ասել Գազայի գոտու առողջապահության նախարարության տվյալները։ Մայիսի 17-ի դրությամբ արաբների շրջանում 1305 վիրավոր կա, սպանվել է 200 մարդ, որից 59 երեխա, 35 կին։ Իսկ իսրայելական տվյալները հետևյալն են. 9 մարդ սպանվել է, 18 մարդ ծանր վիրավորվել է, ընդհանուր 309 մարդ վիրավորվել է հրթիռներից և ևս 200 հոգի վիրավորվել է արաբների կողմից կազմակերպված հարձակումներից։

Այս վերջին հակամարտությունը առանձնանում է մյուսներից նրանով, որ երբևէ պոգրոմների կոչեր, փողոցում մեկը մյուսին լինչի դատաստան տեսնելու երևույթներ դեռ չէր եղել։ Այսինքն իսրայելական բանակը կռվում էր  «Համաս» խմբավորման դեմ, որն Իսրայելում և մի շարք երկրներում ահաբեկչական է, սակայն արաբները և այլ երկրներ այն ահաբեկչական չեն համարում։ Արաբները «Համաս»-ը ներկայացնում են իբրև իրենց ազատագրական պայքարի ազատամարտիկը։

3) Այս ռազմական գործողությունները մյուս գործողություններից ի՞նչով են տարբերվում:

— Այս հակամարտության տարբերությունը կայանում է նրանում, որ կարող են փողոց դուրս գալ և հարձակման ենթարկվել դանակով  կամ ատրճանակով զինված մեկի կողմից։ Սրանք հիմնականում տեղի են ունենում այն քաղաքներում, որտեղ արաբահրեական խառը բնակչություն կա։ Արաբները կարող են դուրս գալ հրեաներին կրակել, և վերջիններս էլ կարող են դուրս գալ արաբներին սպանել։ Լինչի դատաստան տեսնելու, դանակահարության մի քանի դեպքեր են գրանցվել։ Հրեաներն են արաբների սրճարաններն այրում, արաբներն են հրեաների ավտոմեքենաներն այրում։ Ընդ որում բոլորի մեքենաները կայանված են փողոցներում և այրելուց չեն ասում՝ սա քրիստոնյայի մեքենա է, հայի, հույնի, արաբի և թե հրեայի մեքենա է։ Նույնիսկ Ռամլե քաղաքի ավտոկայանում 10-ից ավելի ավտոբուս արաբները գիշերն այրել են։

Պատկերացրեք՝ դուրս եք գալիս գիշերը, ճանապարհորդվում եք Ռամլե-Լոդ քաղաքների ուղղությամբ՝ ապոկալիպսիսի տեսարան է հիշեցնում. ծխացող, այրվող քաղաքներ, կարծես հոլիվուդյան զոմբիների, ֆանտասիկ ֆիլմերից տեսարաններ են բացվում դիմացդ։ Բայց սա իրականություն է: Մարդիկ են սպանվում, և Մերձավոր Արևելքում արյուն է թափվում։

Հանգուցալուծումը դժվար է այս պահին ասել, բայց այն, որ կռիվը հիմա շարունակվում է և հենց այս պահին լսում եմ, թե մեզանից ոչ շատ հեռու պայթում են հրթիռներ։ Պատուհանների արձագանքներից շատ լավ լսվում է՝ մեզանից մի քանի կմ այն կողմ հրթիռներ են ընկնում, և խփում են հրեական հակաօդային պաշտպանության ուժերը։ Հետևանքներից մեկը կլինի այն, որ Գազա քաղաքը ամբողջությամբ կքանդվի կամ կիսաքանդ կլինի։ 

Ամերիկյան կամ իսրայելական գերճշգրիտ ռումբերն ու զենքերը, որ շենքերը գետնին են հավասարեցնում, ընթացքում վնասում են նաև քաղաքային ենթակառուցվածքները։ Քանզի հնարավոր չէ, որ մի շենքը փլվի և շենքի հարակից տարածքն անվնաս մնա։  Սա բերում է նաև բազմաթիվ այլ հիմնահարցեր. Գազա քաղաքում սննդի հարցը, պաղեստինցիների շրջանում ահագնանում է նաև բողոքը հենց «Համասի» նկատմամբ՝ «ինչու այս պատերազմը ձեռնարկեցիք» և «ինչու սկսեցիք Իսրայելին հարվածել այս հրթիռներով»։

Հրեական հատուկ ծառայությունների կարծիքով,  «Համաս» խմբավորումը դեռ իր արսենալում բավական հրթիռ ունի։ Հիմնականում այս պահին հարվածում են Իսրայելի հարավային շրջաններին: Մայիսի 16-ին և 17-ին քիչ են եղել հրթիռային հարվածները։ Դեռ մոտ մեկ ամիս «Համաս»-ը հնարավորություն ունի ինտենսիվ կերպով հրթիռահարել Իսրայելի ողջ տարածքը։

Միջազգային հանրությունն ու կազմակերպությունները հրադադարի կոչ են անում, խնդիրն այն է, թե այդ հրադադարի ելքը որն է։ Օրինակ՝ ենթադրենք թե Իսրայելը և արաբները դադարեցին կրակել, ապա սրան ի՞նչ կհաջորդի։ Կհաջորդի այն, որ ԱՄՆ-ը կօգնի Իսրայելին վերազինվելու, արաբական աշխարհը կօգնի պաղեստինցիներին վերազինվելու։ Իրանը հատկապես դերակատար է տարածաշրջանում, «Համաս»-ին նոր հրթիռներ կուղարկի Եգիպտոսի ճանապարհներով կամ այլ զարտուղի ճանապարհներով։

4) Ի՞նչ տրամադրություն է տիրում հայկական համայնքում: Կա՞ն արդյոք տուժածներ կամ համայնքը նյութական վնասներ կրե՞լ է:

— Համայնքի նյութական վնասներն այքանով են, որ մարդիկ չեն աշխատում, մի մասը տանն է նստած։ Նրանք հիմնականում գտնվում են Իսրայելի հարավային շրջաններում՝ Բեեր Շևա, Կիրատ Գատ, Աշդոդ, Աշկելոն: Ահա  սրանք հիմնական 4 խոշոր հայաշատ կենտրոններն են։ Ընդհանուր առմամբ, մոտ 600-700 հայ է ապրում այս շրջաններում։  Անընդհատ, մի քանի րոպեն մեկ հնչում է ազդանշանը, շչակները, բռնում են երեխաների ձեռքը և վազում են ռմբապաստարաններ։ Օրվա կտրվածքով այս «մուկն ու կատու» խաղալը կարող է տևել 10 կամ 15 ժամ։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ ժամերով չեն կարողանում դուրս գալ ռմբապաստարաններից։  Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ենք ռմբապաստարանից բարձրանում տուն։ Ինչքան մոտ է Գազայի գոտուն, այնքան փախչելու ժամանակը քիչ է։ Պետախ Տիկվայում, Թել Ավիվում փախչելու, պատսպարվելու համար նախատեսվում 1,30 րոպեից մինչև 1,45 րոպե,  բայց հարավում մարդիկ ընդամենը 30-40 վայրկյան ունեն, ինչը շատ քիչ է։

Ինչպես Իսրայելի մյուս բնակիչների մոտ, այնպես էլ հայերի մոտ նյարդային վիճակ է, տառապում են այս վիճակից։ Հայկական համայնքը բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չունի։

Մերձավոր Արևելքում փորձում ենք լինել մաքսիմալ չեզոք: Երբևէ չեմ գերագնահատում Իսրայելին կամ թերագնահատում Պաղեստինին, որովհետև Պաղեստինում՝ Բեթղեհեմում մենք ունենք հայկական  համայնք, հայկական եկեղեցի, ունենք նաև ընտանիքներ «Համաս»-ին ենթակա շրջաններում։ Մեր խոսքը պետք է լինի ավելի հավասարակշռված, ծայրաստիճան չեզոք և առանց քննադատությունների։

Էլեն Քոքչյան