Կրտսեր Հեյդարի գաղտնիքը. Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը թաքցնում որդուն

5607

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթը քննարկում է Իլհամ Ալիևի որդու՝ կրտսեր Հեյդար Ալիևի «անհետացման» պատճառները։ Մասնավորապես՝ ադրբեջանական «Azad Soz» ՅուԹյուբյան ալիքում «Կրտսեր Հեյդարը ծանր հիվանդ է. Նրա բժիշկը խոսել է» վերտառությամբ թողարկումը բացահայտել է Հեյդար Ալիևի բացակայության պատճառները։

Թողարկման մեջ նշվել է, որ Իլհամ Ալիևի որդին ծանր հիվանդ է և մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Թողարկման հեղինակը հայտնել է, որ կրտսեր Ալիևի առողջական վիճակի մասին տեղեկությունը ստացել է բժիշկից, որը տարիներ առաջ աշխատել է Հեյդար Ալիևի առողջական խնդիրներով զբաղվող բժիշկների խմբի հետ, սակայն հետո հեռացել է աշխատանքից և այժմ ապաստանելով Եվրոպայում՝ սկսել է խոսել։

Ըստ այդ տեղեկությունների՝ կրտսեր Ալիևը մարդկանց շրջապատում հայտնվելիս ուշագնաց է լինում և այդ պատճառով միայնակ դուրս չի գալիս։

Պատահական չէ, որ Իլհամ Ալիևը Շուշի կամ այլ վայրեր այցերի ժամանակ, կամ տարբեր կառույցների բացման արարողությունների գնում է միայն կնոջ և աղջիկների հետ, սակայն միակ տղային և «ժառանգորդին» երբևէ իր հետ չի տանում։

Աղբյուրը հայտնում է, որ կրտսեր Հեյդարը օրվա 95 տոկոսն անցկացնում է նստած կամ անկողնային վիճակում, իսկ զբոսնելիս նրան պարտադիր ուղեկցում են։ Այդ պատճառով էլ նրան տեսախցիկների և ժողովրդի առաջ չեն թողնում։

Նշենք, որ մի քանի տարի առաջ հայտարարվել էր, որ Հեյդար Ալիևը բանակում է, սակայն, աղբյուրի հավաստմամբ՝ նա չի ծառայել, և դա միայն պատրանք ստեղծելու և մի քանի լուսանկար անելու համար էր։ Բանն այն է, որ այն ժամանակ նրա հիվանդությունն այդչափ սրված չէր։ Միևնույն ժամանակ, աղբյուրը հայտնում է, որ կրտսեր Հեյդարը հաճախ անձնական ինքնաթիռով Իսրայել է մեկնում՝ բուժում ստանալու և Ադրբեջան շատ կարճ ժամանակով է գալիս ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար։