Շվեդիան մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող մտավորականին արտահանձնելու Թուրքիային պահանջը

1806

Շվեդիայի Գերագույն դատարանը մերժել է Թուրքիայի իրավապահ մարմինների հայցը՝ հայտնի թուրք հրատարակիչ և իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուի արտահանձնման վերաբերյալ:

Թուրքիան մտադիր է դատել Ռագըփ Զարաքոլուին երկրում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու համար:

Նշենք, որ դատարանի որոշումը պետք է հաստատվի նաև Շվեդիայի խորհրդարանի կողմից:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող Զարաքօլուն 2011թ. հոկտեմբերին կալանավորվել է վերոնշյալ մեղադրանքով, սակայն 2012-ի ապրիլին  ազատ  է արձակվել։  Իսկ 2013թ.-ին նա տեղափոխվել է Շվեդիա:

Թուրքական «Belge» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, «Özgür Gündem» լրատվամիջոցի սյունակագիր հայտնի իրավապաշտպան, մտավորական Զարաքոլուն Թուրքիայի իշխանությունների կողմից ներառվել է հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցանկում՝ «կարմիր ցուցակում»։ Նա 2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով` որպես հրատարակչական մեծ գործունեություն ծավալող անձ, որը նաև տասնյակ գրքեր է նվիրել Ազգային գրադարանին: