Հայաստանը և Վրաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը

191

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան հայտնել է, որ Հայաստանը և Վրաստանը հունիսի 15-ից վերսկսում են կորոնավիրուսի պատճառով ընդհատված երկաթուղային հաղորդակցությունը:

«Ուզում եմ ասել, որ Հայաստանը և Վրաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը: Արդեն հունիսի 15-ից առաջին գնացքը Երևանից Թբիլիսիով կուղևորվի Բաթումի: Դա նշանակում է, որ մեր դաշնակից, հարևան պետության զբոսաշրջիկները կայցելեն Վրաստան՝ մեր սևծովյան շրջաններ, մեր մայրաքաղաք և զբոսաշրջային այլ վայրեր»,-ասել է Տուրնավան:

Նշենք, հունիսի 1-ից Վրաստանը բացել էր նաև իր ցամաքային սահմանները: Հայաստանից քաղաքացիների համար տեղաշարժը հնարավոր է ամեն օր Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա անցակետերով: Օտարերկրյա այցելուների համար սահմանը հատել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու և ՊՌՇ բացասական թեստի պատասխանով, կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած ՊՌՇ թեստի բացասական արդյունքով: Այս դեպքում, անձինք ստիպված կլինեն 3-րդ օրը նորից թեստ հանձնել: