Արցախում որոշ իրողություններ մեծացնում են Ադրբեջանում Ալիևի դեմ դժգոհությունը

199

Հունիսի 4-ին ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառում ականի պայթյունից երեք ադրբեջանցիների՝ ներառյալ երկու լրագրողների մահը ներքաղաքական խժդժությունների պատճառ է դարձել Ադրբեջանում։ Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլըն իր ֆեյսբուքյան գրառման մեջ մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի հասցեին։ Նա ընդգծված դժգոհություն է հայտնել, որ յոթ ամիս շարունակ Ադրբեջանի քաղաքացիներին չի թույլատրվում այցելել իրենց վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներ: Նրա խոսքով՝ արգելքի համար պատրվակ է ներկայացվում ականների առկայությունը, մինչդեռ պատերազմից յոթ ամիս անց էլ ականների պայթյունից մահացողների թիվը չի պակասում։

«Մեր գլխին եկող բոլոր փորձանքների համար, այդ թվում նաև այսօր մեր երկու լրագրողների և մյուս քաղաքացիների մահվան պատասխանատվությունը ևս անձամբ Իլհամ Ալիևի վրա է ընկնում»,-գրել է Հաջըլըն՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրն իր արարքների համար պետք է պատասխան տա, իր հանցագործությունների համար պետք է պատիժ կրի, սակայն Ադրբեջանում իրենք այնպիսի պետության ղեկավար ունեն, որը ոչ միայն միանձնյա յուրացրել է ողջ իրավասությունները, այլև գրեթե անձնական սեփականություն է համարում Ղարաբաղի շուրջ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքը՝ շեշտելով, որ միայն ինքը գիտի, թե ինչը, երբ և ինչպես պետք է անել։

Արիֆ Հաջըլըի այս քննադատական գրառումը զայրույթ է առաջացրել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների շրջանում։ Որպես անկախ պատգամավոր ներկայացող Սահիբ Ալըևը խիստ քննադատել է Արիֆ Հաջըլըին, քանի որ վերջինը լրագրողների մահվան մեջ չի մեղադրում Հայաստանի ղեկավարությանը։ «Մինչև վերջերս ոչ ոք Ալի Քերիմլիի և Ջեմիլ Հասանլիի չափ չէր ցածրացել։ Արիֆ Հաջըլըն ցույց տվեց, որ քաղաքականության մեջ հատակի հատակ էլ կա»,-նշել է Սահիբ Ալըևը՝ շեշտելով, թե Արիֆ Հաջըլըն թշնամու հետ ներդաշնակ է աշխատում։