Մակրոնը մտադիր է Էրդողանի հետ քննարկել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

172

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ նախատեսված հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում ստեղծված իրավիճակը։

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախաշեմին հանդիպելու եմ Թուրքիայի նախագահի հետ։ Դա լավ հնարավորություն է մի շարք հարցերի շուրջ մտքերի փոխանակման համար։ Մենք խորը տարաձայնություններ ունեք, մենք դրա մասին գիտենք, սակայն գտնում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել»,-լրագրողների հետ զրույցում ասել է Մակրոնը։

«Ես ուզում եմ խոսել Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին»,-ընդգծել է Մակրոնը՝ հավելելով, որ քննարկելու է նաև ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցությունը և դաշնակիցների միջև հարաբերություններում վարքի կանոնները։

«Ես նաև ցանկանում եմ պատմել այն աշխատանքի մասին, որ Ֆրանսիան տանում է ծայրահեղական իսլամի և անջատողականության դեմ»,-ավելացրել է Ֆրանսիայի նախագահը։