Եթե Հայաստանով միջանցքը գործարկվի, Թուրքիան ջանալու է հայ-իրանական սահմանը վերածել գործնականում անօգուտ սահմանի. Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոն

278

Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոնը «Հայաստանի ու Ադրբեջանի պատերազմն ու Իրանի իսլամական հանրապետության ազգային շահերը» թեմայով զեկույց է պատրաստել, որտեղ նախ հակիրճ անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության պատմությանը, այնուհետև նշվել է, որ 2020թ. հուլիսին բախումներ են եղել Տավուշում, որի ժամանակ Հայաստանը մեծ հարվածներ է հասցրել Ադրբեջանին:

Ընդգծվել է, որ 2020թ. սեպտեմբերին Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություն են անցկացրել, որից հետո Ադրբեջանի ԶՈւ և «Արցախի ինքնահռչակ հանրապետության ուժերի» միջև ուժգին բախումներ են սկսվել: Շեշտվել է, որ այս պատերազմում ուշադրության արժանի հանգամանք են Թուրքիայի և Իսրայելի ունեցած դերակատարումը: Նշվել է, որ մի կողմից Թուրքիայի անմիջական աջակցության, մյուս կողմից զինտեխնիկայով Իսրայելի աջակցության շնորհիվ Ադրբեջանը կարողացել է «հետ բերել իր օկուպացված տարածքների» մի մասը:

Շեշտադրվել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները գնալով խորանում են, այդ համատեքստում ընդգծվել է պաղեստինաիսրայելական բախումների օրերին Ադրբեջանի կողմից Իսրայելի կազմավորման օրը շնորհավորելու, պատերազմից հետո Բաքվում տոնախմբության ժամանակ Իսրայելի դրոշի առկայության և այլ հանգամանքներ:

«Հարավային Կովկասում Թուրքիայի՝ Իրանի տարածաշրջանային մրցակցի և Իսրայելի՝ Իրանի ամենամեծ թշնամու դերակատարման աճը ակնհայտ բացասական ազդեցություն ունի Իրանի ազգային անվտանգության և շահերի վրա»,- նշվել է զեկույցում:

Շեշտադրվել է նաև, որ նոյեմբերի 9-ի համաձայնության 9-րդ կետի վերաբերյալ անորոշություն կա, քանի որ Հայաստանը խոսում է հաղորդակցակն ուղիների բացման, իսկ Ադրբեջանը՝ միջանցքի ստեղծման մասին: Ընդգծվել է, որ միջանցքի ստեղծումը, ամենայն հավանականությամբ Թուրքիայի ցանկությունն է, որը արտահայտվում է Ադրբեջանի իշխանությունների միջոցով: Նշվել է, որ նման միջանցքի ստեղծումը կնպաստի Թուրքիայի տարածաշրջանային նպատակի իրագործմանը՝ Մեծ Թուրանի ստեղծմանը: Ընդգծվել է, որ Բաքուն միջանցքի ստեղծման համար բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել և այդ համատեքստում Հայաստանի սահմանին իրականացվող գործողությունները կարևոր են:

Նշվել է, որ եթե այդ միջանցքը գործարկվի, ապա ապրանքների և էներգիայի տեղափոխման համար Թուրքիան այդ ճանապարհն է օգտագործելու և ջանալու է հայ-իրանական սահմանը գործնականում անօգուտ սահմանի վերածել և կտրել Կովկասին Իրանի հասանելիությունը: Ընդգծվել է, որ եթե թյուրքախոս երկրների միջև ցամաքային կապ ապահովվի, ապա Իրանը դուրս կմնա Կենտրոնական Ասիայի ապրանքների և էներգիայի փոխադրման ու տարանցման գործընթացներից:

Եզրակացության մեջ նշվել է, որ Իրանը պետք է մեծացնի իր դերակատարումը հետևյալ միջոցներով՝

-Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների ամբողջացում,

-Ադրբեջանի և մասնավորապես՝ «ազատագրված տարածքների» հետ հաղորդակցական ուղիների ավելացում,

-Իրանի տարածքով Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության դյուրացում,

-Հայաստանի և Իրանի միջև ցամաքային ճանապարհի վերանորոգում և ամբողջացում: