ՄԻՊ-ը Փաշինյանին կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում անվտանգության գոտի ստեղծելու հարցով հրատապ գանգատ ներկայացնել ՄԻԵԴ

160

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված գրավոր նամակ է հղել և բարձրացրել է Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ:

«Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղղված գրավոր նամակով բարձրացրել եմ Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ:

Նամակում նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարությանը կտրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:

Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.

1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,

2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված,

3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,

4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,

5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն:

Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի»,- Ֆեյսբուքում գրել է Արման Թաթոյանը: